Ողնուղեղային ցավազրկումը կեսարյան հատումը մոտեցնում է բնական ճանապարհով ծննդաբերությանը


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այսօր նշվում է Անեսթեզիայի համաշխարհային օրը: Անեսթեզիան նյարդերի զգայունության կորուստն է, որը կիրառվում է վիրահատությունների ժամանակ, անզգայացման նպատակով: 1846 թվականի հենց այս օրը ատամնաբույժ Թոմաս Մորտոնը եթերային անզգայացմամբ կատարել է առաջին վիրահատությունը և հենց այս օրն էլ ողջ աշխարհում հայտնի է դարձել անեսթեզիայի օր:
Ծննդաբերության ցավազրկման եղանակներն այսօր շատ են ու ավելի անվնաս կնոջ հետագա կյանքի համար, քան ընդհանուր ցավազրկումը` նարկոզը, որն, ըստ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ինտեսիվ թերապիայի և անեսթեզոլոգիայի բաժանմունքի վարիչ Աշոտ Ամրոյանի, մանկաբարձական գործընթացքներում հետընթաց է, քանի որ գոյություն ունի ողնուղեղային էպիդուրալ անզգայացում։ Այն հիմնականում կիրառվում է ծննդաբերության ցավազրկման ժամանակ, քանի որ կանայք` հատկապես առաջնածին կանայք, ունենում են ուժեղ ցավեր։
Այսօր հայաստանյան գրեթե բոլոր կլինիկաներում կեսարյան հատման ժամանակ կիրառվում է ողնուղեղային անզգայացումը: Ընդհանուր անզգայացումը հետագայում վատ է անդրադառնում մարդու հիշողության վրա, սակայն, բժիշկն այսօր հերքեց տարածված այս կարծիքը։
Իսկ ահա ողնուղեղային ցավազրկման ճանապարհով ծննդաբերությունը, ըստ բժշկի, հնարավորինս մոտեցրած է բնական ճանապարհով ծննդաբերությանը, երբ մայրը տեսնում է երախայի ծնունդն ու լսում է ճիչը։