Քաղաքական

Մաքսային միության համար կարող են սպառնալիք դառնալ Բելառուսը կամ Ղազախստանը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ազգայնական շարժումները Ռուսաստանում նոր չեն: Այն տարիների ընթացքում կուտակված գաղափարախոսություն է, որն ավելի է հզորանում ու, կարծես թե, ավելի արմատավորվում` չնայած այն հանգամանքի, որ Ռուսաստանի իշխանությունները փորձում են ինչ-որ չափով սաստել, այսօր նման կարծիք է հայտնեց վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Անկախ այն հանգամանքից, որ Բիրյուլովոյում արձանագրված հանցագործության հեղինակն ադրբեջանցի էր, ռուս հասարակության շրջանում որեւէ տարբերակում չի դրվում հայ-ադրբեջանցի-վրացի կամ միջինասիացի քաղաքացիների միջեւ:

Այդ առումով՝ վերլուծաբանը լուրջ խնդիր է տեսնում եւ համոզված է, որ Ռուսաստանի ազգայնական շորժումները հարվածում են բոլորի շահերին։ «Հայկական պետականությունը պարտավոր է ինչ-որ չափով նպաստել, որպեսզի այդ խնդիրները Ռուսաստանում կարգավորվեն»,- ասում է։

Վերլուծաբանի գնահատմամբ` քաղաքական առումով Ռուսաստանի ազգայնական շարժումները չեն կարող ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Առավել եւս, երբ, նրա խոսքով, վերջին շրջանում այդ հարաբերությունները վերելք են ապրում` կապված Մաքսային միությանը միանալու Հայաստանի ցանկության հետ եւ հայ-ռուսական հարաբերությունները, վերլուծաբանի ձեւակերպմամբ, այս պահի դրությամբ դրական դինամիկայով են ընթանում: Նա չի բացառում, որ կարող են այդ շարժումները նպաստել հայրենադարձությանը, սակայն, նրա խոսքով, սխալ է հայրենադարձության խնդիր լուծել՝ այլ տեղ ավելի լուրջ խնդիրներ ստեղծելով։

Ըստ բանախոսի` ազգայնական շարժումները լուրջ վտանգ են նաեւ Ռուսաստանի տարածքային ամբողջականության համար, ուստի, եթե անգամ դրանք ուղղորդված են ռուսական իշխանությունների կողմից, կա սահման, որից այնկողմ նրանք չեն անցնի։

Ազգայնական շարժումների այդօրինակ դրսեւորումները որքանո՞վ կանդրադառնան Մաքսային միության ձեւավորման վրա: Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով` այստեղ ավելի շատ լուրջ խնդիրներ կան ոչ թե կապված ծայր առած ազգայնական շարժումների, որքան, օրինակ, Ռուսաստան-Բելառուս կամ Ռուսաստան-Ղազախստան հարաբերությունների հետ, որոնք վերջին հաշվով կարող են լուրջ հարված հասցնել Մաքսային միության կայացման գործին։

«Լուկաշենկոն արդեն մի քանի անգամ բարձրաձայնել է սպառնալիքներ. խոսել է իր երկրի` այդ միությանը միանալու նպատակահարմարության մասին: Անգամ ժամանակ է տվել Ռուսաստանի իշխանություններին` մինչեւ եկող տարվա սկիզբը վերացնել նավթագազային ապրանքների հետ կապված բոլոր մաքսատուրքերը: Հակառակ պարագայում՝ Լուկաշենկոն հայտարարում է, որ Բելոռուսի մասնակցությունը Մաքսային միությանը կարող է ոչ ձեռնտու լինել»: Եթե այս հռետորաբանությունն էլ հաշվի չառնենք, ապա նույնպես ակնհայտ է, որ Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ լուրջ խնդիրներ կան եւ հենց այդ հակասություններն են առաջին հերթին սպառնալիք Մաքսային միության համար։

Վերլուծաբանն անդրադարձավ նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Զորի Բալայանի հղած նամակին։ Քաղաքագետն ասաց, թե իր համար մինչեւ վերջ հասկանալի չէ` դա ի՞նչ նախաձեռնություն էր: Կարծիքները տարբեր են: Ամեն դեպքում, քաղաքագետի խոսքով, նման նամակը չի կարող գործոն դառնալ հայ-ռուսական հարաբերություններում: Դրանք պայմանավորված են ավելի լուրջ ու ավելի կարեւոր հանգամանքներով։

Back to top button