Քաղաքական

Հայաստանն ստանձնեց ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի նախագահությունը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայաստանը այսօր ստանձնեց ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի նախագահությունը: Երևանում անկացվող այս կառույցի հոբելյանական 25-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում են ներկայացուցիչներ ԱՊՀ անդամ 9 երկրից , ինչպես նաև Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության  ղեկավար կազմը։ 

Երևանյան հիդրոօդերևութաբանական այս հավաքի օրակարգը  բավականին հագեցած է. ընդգրկված են  հարցեր, որոնք վերաբերվում են ԱՊՀ երկրների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների գործունեությանը, ԱՊՀ համաձայնագրի և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության  կոնվենցիայի շրջանակներում 2011-2015 թթ. համագործակցության զարգացմանը, ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի գործունեությանը և գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքներին։

Համաժողովի բացմանը ելույթ ունեցավ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ով կարևորեց կառույցի գործունեությունը՝ հատկապես տեղեկատվության փոխանակման տեսանկյունից։ «ՀՀ կառավարությունն առանձնակի նշանակություն է տալիս միջազգային համագործակցությանը՝ հստակ գիտակցելով, թե ժամանակակից աշխարհում որքան կարևոր են ինտեգրման գործընթացները: Դրա մասին է վկայում թե ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության անդամակցությունը խորհրդին՝ դրա ստեղծման առաջին իսկ օրվանից, թե խորհրդի հոբելյանական նստաշրջանի անցկացումը Հայաստանում»։

Համաժողովի աշխատաքներին մասնակցող Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ժարրոն նույնպես ողջունեց երևանյան նստաշրջանի աշխատանքները: «Խորհրդի և ՀՕԿ-ի փոխգործակցությունը շուրջ 15 տարվա պատմություն ունի: Եվ չնայած խորհրդի անդամ երկրների թիվը սահմանափակ է՝ դրանց ընդգրկած տարածքը շատ մեծ է: Դա մեծ նշանակություն ունի ուսումնասիրությունների համար: Հիդրոօդերևութաբանական ազգային ծառայությունները լուրջ դերակատարում ունեն ցանկացած երկրի կայուն տնտեսական զարգացման համար: Դրանք օգնում են դիմակայել կլիմայական փոփոխությունների մարտահրավերներին, իսկ բնական աղետների ռիսկի նվազեցումը մեր առաջնահերթություններից է: Այնպես որ՝ այս ոլորտի զարգացումն ու ներդրումները պիտի շարունակական լինեն»։

Ցուցադրել ավելի
Back to top button