Միջազգային

Իրանի շուրջ բանակցությունները լավ են ընթանում, սակայն բեկումնային չեն

Իրանի հետ միջազգային միջնորդների «վեցնյակի» բանակցություններն այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ լավ են ընթանում, դրանք վերաբերում են տեխնիկական հարցերին, սակայն որևէ բեկում չի սպասվում, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին` խոսելով նախօրեին Ժնևում տեղի ունեցած հանդիպման մասին: Ըստ նրա՝ իրանական կողմը Ժնևում ներկայացրել է իր առաջակները տեխնիկական մանրամասներով: «Քանի որ գնում է տեխնիկական քննարկում, ես չէի բնութագրի այն որպես բեկում, սակայն ունենք իրադարձությունների դրական զարգացում», -ասել է Պսակին:

Նշենք, որ բանակցությունները Իրանի և միջազգային միջնորդների միջև Ժնևում կշարունակվեն նաև այսօր: Իրանական պատվիրակությունը բանակցություններում գլխավորում է արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, թեև բուն բանակցությունները վարում է նրա տեղակալը` Աբբաս Արակչին:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ ներկա բանակցությունները պետք է դառնան «առաջ տանող, սակայն դժվար և հարաբերականորեն երկար ճանապարհի սկիզբը»: «Հույս ունեմ, որ չորեքշաբթի մենք կհասնենք համաձայնության ճանապարհային քարտեզի հարցում, որպեսզի գտենք կարգավորման ուղիներ», — հավելել է Իրանի արտգործնախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button