ԿարևորՔաղաքական

ԵՄ- ն մտածում է ինչ անել իր դաշտում գտնվող գնդակի հետ եւ սպասում է Հայաստանի առաջարկներին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

«Գնդակը մեր կիսադաշտում է, իսկ մենք  դեռ չենք որոշել,  թե ինչպես հետ վերադարձնելու այն »,- այսօր հայտարարել   է  Արեւելյան գործընկերության հարցերով Չեխիայի արտաքին գործերի նախարարության հատուկ դեսպանորդ Պետեր Մարեշը «Արեւելյան գործընկերության չորս տարիները. արդյունքներ եւ մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ: Համաժողովը կազմակերպվել է  Չեխիայի Հանրապետության դեսպանատան եւ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ: Քննարկմանը մասնակցել են դեսպանությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ ու փորձագետներ։
Այն նույն ընթցաքում, երբ փորձագետները, քաղաքական գործիչներն ու եվրապացի պաշտոնյաները փորձում են  հասկանալ ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարը, մեկ այլ սրահում քննարկվել  է վստահության թեման ,բայց  Եվրասիական միության ստեղծման և զարգացման համատեքսոտւմ:

Երբ երկու ամիս առաջ ես ստացա  այս քննարկմանը մասնակցելու հրավերը, նախատեսել էի խոսել նրա մասին , թե ինչպես Հայաստանին  հաջողվեց այդքան արագ և այդքան մեծ քայլերով զարգացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները, հրավերը  ստանալու ժամանակ դեռ չկար ՀՀ նախագահի հայտարարությունը`Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, այսպես սկսեց իր խոսքը Չեխիայի արտաքին գործերի նախարարության հատուկ դեսպանորդ Պետեր Մարեշը  «Արեւելյան գործընկերության չորս տարիները. արդյունքներ եւ մարտահրավերներ» թեմայով  քննարկման ժամանակ: Իրավիճակն  այսօր փոխվել է և փոխել է նաև քննարկման թեման, իսկ այս թեմայով ես նույնչափ պաատրաստված չեմ, հավելեց եվրոպացի պաշտոնյան:

Նրա խոսքով ՝ ԵՄ-ը դեռ շարունակում է քննարկել ու վերլուծել իրավիճակը, դեռ վերջնական եզրահանգման չի եկել Հայաստանի հետ հարաբերությունները շարունակելու վերաբերյալ, բայց և չի կարող այն կեցվածքն ընդունել՝  կարծես ոչիչն տեղի չի ունեցել։ «Դուք կարևոր որոշում եք կայացրել, գնդակն այս պահին մեր կիսադաշտում է, իսկ  մենք դեռ չենք որոշել, թե ինչպես այն հետ վերադարձնել: Մի բան, սակայն, հստակ է. Բրյուսելը բարյացկամ է տրամադրված ու հասկանում է այն խիստ  յուրահատուկ իրավիճակը, որում հայտնվել եք: Մենք մտադիր ենք պահել Հայաստանը մեր կողքին, բայց դա այլևս չի լինի այն նույն իրավիճակը, որը ենթադրվում էր նախկինում»:

Համոզված եմ, որ ԵՄ հետ քառամյա համագործակցությունը օգնել է Հյաստանին, քննարկմանն ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: Քաղաքական օգուտներից մեկը, ըստ նրա, վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրն է, որը վերջերս  վավերացվել է եվրոպական խորհրդարանի կողմից ու հիմա արդեն սպասում է Ազգային ժողովի քննարկմանը: ԵՄ պատվիրակության ղեկավարը նույնպես նկատեց, որ ասոցացման համաձայնագիրն այն տեսքով, որով բանակցվել է, Վիլնյուսում չի կարող ստորագրվել՝ սեպտեմբերի երեքի որոշմամբ պայմանավորված։ «ԵՄ-ն  ուղիներ է փնտրում շարունակելու Հայաստանի հետ հարաբերություններն առաջիկայում:   Եվրամիությունը սպասում է հայկական կողմի առաջարկներին: Համաձայն եմ այն տեսակետի հետ, որ 4 տարվա ձեռքբերումները չեն կարող անտեսվել»,- նկատեծ Հրիսթեան։

Խորհրդարանականներից ԲՀԿ-ն ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը, ով ղեկավարում է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը, համաձայն է եվրոպացի դիվանագետի այն գնահատականին, թե ազնիվ չէ այնպիսի կեցվածք ընդունելը, կարծես ոչինչ տեղի չի ունեցել: Սեպտեմբերի երեքից հետո հայաստանյան արտաքին քաղաքական դաշտում լուրջ փոփոխություն, ըստ պատգամավորի, եղել է, անգամ կատակի  թեմա դարձել խորհրդարանում: «Հումոր է շրջում խորհրդարանում, որ երևի ժամանակն է եվրաինտերգրման հանձնաժողովը վերանվանել եվրասիական ինտեգրման հանձնաժողովի: Հույս ունեմ՝ այս առաջարկը հումորի մակարդակում էլ կմնա»։

Իսկ  մինչև սեպտեմբերի 3-ը, ըստ Նաիրա Զոհրաբյանի,  եվրոպական վեկտորի ընտրության հարցում Հայաստանի քաղաքական ուժերը կարծես միահամուռ էին. կար բացառիկ կոնսենսուս:  Հիմա, ըստ Զոհրաբյանի , այլ իրադրություն է, որն այլ խնդիր է առաջադրում։ «Հիմա մենք համատեղ ուժերով , ԵՄ մեր գործընկերների հետ պետք է փորձենք գտնել այն սահմանը, այն կարմիր  գիծը, մինչև որտեղ կարող ենք կառուցել, վերաձևակերպել  մեր հարաբերությունները: Ինձ համար ևս, որպես ՀՀ պատգամավորի, դեռ պարզ չէ, թե որտե՞ղ է այդ կարմիր գիծը»։

Թե որտեղ է կարմիր գիծը հարցի պատասխանը Նաիր Զոհրաբյանն ակնկալում էր ստանալ  քաղաքական մեծամասնության ներկայացուցչի ելույթից: ԱԺ  ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող Սամվել Ֆարմանյանի խոսքում այդ թեմային անդրադարձ չկար, փոխարենը՝ կար այլ ամրագրում. Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա պատկերը ճգնաժամային է, իսկ հեռանկարներն առայժմ անորոշ են։ «Երկուստեք կային ակնկալիքներ, պայմանավորվածություններ, որոնք  պետք է իրենց տրամաբանական հանգուցալուծումը ստանային. մի բան, որը տեղի չունեցավ: ԵՄ հետ հարաբերություններն այսօր  մշուշոտ են, բայց համոզված եմ, որ Վիլնյուսյան գագաթաժողովից հետո ամեն ինչ ավելի պարզ կդառնա»: Հանրապետական պատգամավորը նաև ընդգծեց, որ տեղի ունեցածն անհրաժեշտ է դիտարկել  աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։

Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը նվեր էր Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրներին։ Ըստ քաղաքագետի՝ մեր այս քայլն ավելի մեծացրեց նրանց վճռականությունը: Հայաստանի համար խնդիրն այժմ հարաբերությունների նոր հայեցակարգ գտնելն ու մինչ այժմ ձեռք բերվածը չկորցնելն է: Իսկ եվրոպական քաղաքականությունը Հայաստանի հետ այլևս կկառուցվի ոչ թե «ավելին ավելիի դիմաց», այլ « ավելի պակասը պակասի դիմաց» սկզբունքով: Վերլուծաբանը նկատի ունի Եվրոպայից Հայաստան ուղղվող ֆինանսական միջոցները։

Իրավաբան Արթուր Ազարյանը գործընթացի իրավական ասպեկտների մասին խոսելով մի նկատառում արեց.  ԵՄ-ին վերջերս անդամակցած երկրները ստիպված են փոփոխություններ կատարել իրենց Սահմանադրությունում: Գործող Սահմանադրությամբ Հայաստանը չի կարող միանալ ոչ Մաքսային միությանը և ոչ էլ Եվրոպական Միությանը: Իսկ փորձագետի ոչ իրավական գնահատականը Նաիրա Զոհրաբյանի այն դիտարկմանն էր վերաբեում, թե եվրոպական ինտեգրման շուրջ Հյաստանում քաղաքական բացառիկ կոնսենսուս կար։ «Պարադոքսը քաղաքական համակարգի կայանում է նրանում, որ այդ նույն կոնսենսուսը կա նաև Մաքսային միությանը միանալու հարցում»։ Փորձագետը վստահ է, որ Հայաստանը պետք է փորձի կանգնեցնել Մաքսային միություն տանող գնացքը: Ըստ նրա՝ չկա որևէ քաղաքական ուժ, որը կարող է կանգնեցի գործընթացը, դա կարող է անել քաղաքացիական հասարակությունը։

Ի դեպ՝ այն ընթացքում, երբ այս դահլիճում փորձագետները, քաղաքական գործինչներն ու եվրապացի պաշտոնյաները փորձում էին հասկանալ, թե ինչպես է փոխվել իրավիճակը, ինչ ունենք ու ինչ ենք կորցրել, մեկ այլ մամուլի սրահում քննարկվում էր «Վստահությունն աշխարհաքաղաքական ու ազգային ինքնությունների կառուցման գործընթացում՝ Եվրասիական միության ստեղծման և զարգացման համատեքսոտւմ» թեման: Այս խորագրով համաժողովը հոկտեմբերի 14-ին սկսվել է Ծաղկաձորում և ընթանալու է մինչև հոկտեմբերի 20-ը: Կազմակերպիչը Ռուսաստնի գիտությունների ակադեմիայի սոցիոլոգիայի ինստիտուտն է՝ ՀՀ ԳԱԱ հետ համատեղ: Համաժողովի ընթացքում ռուս գիտնականները դասախոսություններ են կարդալու Երևանի, Վանաձորի և Գյումրիի բուհերում սոցիոլոգիայի գիտագործնական կիրառմանը վերաբերող թեմաներով։

Ցուցադրել ավելի
Back to top button