ԿարևորՀասարակություն

Անցած տարիներին կայացել է բանակը, մամուլն ու կոռուպցիան. այսօր Հայ մամուլի օրն է

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում էր որպես «Մամուլի աշխատակցի օր», որը հետագայում վերանվանվեց և դարձավ Հայ մամուլի օր: Այս օրը նշանավորվել է Մադրասում հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականի հրատարակությամբ: «Ազդարար» ամսագիրը 1794- ին հիմնադրել է Հարություն Շմավոնյանը: Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակվել է «Ազդարարի» 18 համար: 

Մի շարք թերթերի խմբագիրներ այսօր Հայ մամուլի օրվա առիթով լրագրողների հետ հանդիպման էին եկել կատակելու տրամադրությամբ։ Նախկինում մի շարք թերթեր խմբագրած Վասակ Դարբինյանին հուշել էին, որ այսօր նշվում է նաև անեսթեզիոլոգների համաշխարհային օրը: Նա կարծում է, որ օրերի համընկնումը պատահական չէ, քանի որ կան նաև մասնագիտական նմանություններ. մամուլի դերը, ինչպես և անեսթեզիոլոգներինը, հասարակությանը քնեցնելն ու զգոնությունը բթացնելն է, հումորով նկատեց նա։

Հումորային տրամադրությունը առավել ընդգծելու նպատակով` «Հայացք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր  Աշոտ Աղաբաբյանն էլ օրվա թեմայով հայտնի անեկդոտը հիշեց՝ եւ ճանճին, եւ քաղաքական գործչին թերթով ես սպանում։

Իրականում՝ Աշոտ Աղաբաբյանը կարծում է, որ վերջին 20 տարիներին Հայաստանում երեք բան է կայացել` բանակը, կոռուպցիան և մամուլը։ Ով ինչ ուզում է ասի, միևնույն է` մամուլը կայացել է, թեև դրա լավագույն ժամանակները 1990-96 թվականներն էին, ասաց նա`նկատելով, որ այժմ լրագրողներին պակասում է ինֆորմացիան: Մամուլի կայացած լինելու առումով՝ Աշոտ Աղաբաբյանի հետ Արմինե Օհանյանը համամիտ է, բայց չի կարծում, որ մամուլի լավագույն շրջանը 90-ականներն էին:

Ի տարբերություն Արմինե Օհանյանի` Վասակ Դարբինյանը շատ ավելի քննադատաբար է մոտենում այսօրվա մամուլին և չնայած դրանում իր մեղքն էլ է տեսնում, բայց կարծում է, որ մամուլն այնպիսին չի, ինչպիսին պետք է լիներ։

Ինչ վերաբերում է մամուլի ազատությանը, Վասակ Դարբինյանը դժվարանում է ինչ որ գնահատական տալ: Արմինե Օհանյանն էլ կարծում է, որ մամուլն ազատ է այնքանով, որքանով ազատ է տվյալ լրագրողն իր էությամբ: Մամուլը անկախ չէ, բայց ազատ թերթեր կան և դրանք քիչ չեն, նկատեց Աշոտ Աղաբաբյանը։

Back to top button