Ճարտարապետները դեմ են «Զվարթնոցը» քանդելուն


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի հետագա ճակատագրի վերաբերյալ քննարկումները շարունակվում են: Օդանավակայանի կոնցեսիոներ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը մտադիր է քանդել այն՝ փոխարենը կառուցելով նոր տերմինալի մասնաշենքը: Հայաստանի յուրահատուկ այցեքարտ համարվող մերօրյա «Զվարթնոցի» պահպանման օգտին են խոսում ճարտարապետները։
Քանդե՞լ, թե՞ չքանդել. Դոմոկլյան սուրը հիշեցնող այս հարցը կախված է «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի գլխավերում: Ղեկավարվելով բիզնես ծրագրերով՝ կոնցեսիոներ կառավարիչ ընկերությունը նպատակահարմար է գտնմում շուրջ 30 տարի առաջ կառուցված շենքի տեղը կառուցել ապակեպատ նոր տերմինալը: Այս գաղափարին ընդդիմանում են հասարակության շատ ներկայացուցիչներ: Հարցը նախնական քննարկումներ է անցել Հանրային խորհրդի հանձնաժողովներում, որտեղ ևս կոնցեսիոն կառավարչի նման ծրագրերը հանության չարժանացան:
«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի հետագա ճակատագրի շուրջ շարունակվող քննարկումները ողջունելի են Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի համար: Ճարտարապետական առումով համարվելով խորհրդային մոդեռնիզմի լավագույն օրինակներից՝ «Զվարթնոցն» իր կարողությունները չի սպառել և քանդման ենթակա չէ, գտնում է Մկրտիչ Մինասյանը: Ըստ նրա՝ կոնցեսիոների նույն տրամաբանությամբ՝ մայրաքաղաքի հոյակերտ շենքերի մեծ մասը պետք է քանդվի։
«Հայնախագիծ» ինստիտուտի գործադիր տնօրեն Գրիգոր Ազիզյանը իր հերթին նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը գտնվում է պետության սեփականության ներքո, իսկ բուն օդանավակայանը 2002 թվականից հանձնված է կոնցեսիոն կառավարման: Կարողությունների կորստի հարցը նա վիճահարույց է համարում: Եղած կառույցը վերանորոգելու և ուժեղացնելու աշխատանքները կարժեենան մինչև 12 մլն ԱՄՆ դոլար, իսկ քանդման և նոր տերմինալի կառուցումը 10-15 անգամ ավել գումար կպահանջի: Ամեն դեպքում՝ օդանավակայանի նոր տերմինալի կառուցման համար կա համապատասխան տարածք, որի ճիշտ օգտագործման պարագայում քանդելու կարիքը կվերանա, հավելեց Մկրտիչ Մինասյանը։
Ամեն դեպքում՝ հարցը կարիք ունի լուրջ մասնագիտական քննարկման և մոտեցման, առանց ինչի հնարվոր չի լինի գտնել ճիշտ և լավագույն լուծումը: