ԿարևորՀասարակություն

ԳԱԱ 70. Սիլիկոնյան հովտում էլ ֆինանսական խնդիրներ կան, ասում է վարչապետը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ԳԱԱ շենքում այսօր տոնական մթնոլորտ էր, համենայնդեպս կազմակերպիչներն ամեն ինչ արել էին օրը տոնական դարձնելու  համար: ԳԱԱ ստեղծման 70- ամյակն այսօր շնորհավորելու էին եկել տարբեր երկրների գիտնականներ։ Խորհրդային տարիներին Հայաստանի գիտական միտքն աշխարհի առաջատարներից մեկն էր: Հայ գիտնականներն իրենց աշխատություններով  ու հայտնագործություներով շատերին էին  զարմացնում։

Գործուղումներ, համաժողովներ, հանդիպումներ, ավագ սերնդի գիտնականների համար դրանք արդեն անցյալում են, նոր սերնդի համար՝ ապագայում: Զրուցակիցներս մասնագիտությամբ քիմիկոս են, աշխատում են օրգանական քիմիայի ինստիտուտում, գիտական գործունեությամբ զբաղվում ՝ 1960- ականներից։ Չցանկացան ներկայանալ, սակայն իրար հերթ չտալով  պատմում էին իրենց խնդիրների մասին: ԽՍՀՄ-ի տարիներին նրանց մտքոով անգամ չէր անցի, որ կգա մի օր, երբ հրավեր կստանան, սակայն  գումար չունենալու պատճառով չեն կարողանա մասնակցել որևէ համաժողովի՝ հնարավոություն իրենք չունեն, ուրիշի դռներ էլ չեն ցանկանում ծեծել։

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը որպես կառույցի ղեկավար ընդգծում է , որ գիտաշխատողները չեն  կարողանում միայն գիտական աշխատանքով զբաղվել, նրանք ստիպված են տարբեր տեղեր դասախոսական աշխատանքով զբաղվել,  դա նրանց հյուծում է։ «Ես կարծում եմ սա ամենակարևոր խնդիրն է, որպեսզի մոտակա տարիներին մենք հաղթահարենք, որպեսզի գիտնականն այնքան աշխատավարձ ստանա, որ կարողանա կենտրոնանալ միայն իր գիտական մտքի վրա»։

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում գիտաշխատողների մեկ երրորդը  երիտասարդներն են, «պատկերը հուսարդող է»,- ասում է  Ռուբեն Սաֆրաստյանը։ Խնդիրն այստեղ, և ոչ միայն, միջին սերդնի  գիտաշխատողների մեջ է, նրանց մի մասը մեծ քաղաքականություն մտավ, մի մասը՝ ընտրեց դիվանագիտությունը, երրորդ խումբն էլ ընդհանրապես  հեռացավ երկրից։

Որքանո՞վ է հայ գիտնականն  ու ընդհնարապես գիտաշխատողը գնահատված Հայաստանում: Հարցրեցինք միջին սերունդը ներկայացնող ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն, գրականագետ Վարդան Դևրիկյանին։ «Կարևոր չէ, թե պետությունն ինչքան հնարավորությունի ունի և որքանով է ուշադրություն դարձնում, կարևորն այն է, որ գիտությունը, գիրն ու գրականությունը հայ ժողովուրդը ավանդաբար է գնահատում, ասաց։ «Ամեն դեպքում՝  դա ես այսօր էլ տեսնում եմ, և կրկնակի հպարտ եմ, որ ԳԱԱ համակարգում եմ գտնվում։ Կարծում եմ այն բոլոր կռնչոցները գիտության վախճանի մասին, մեր գրականության ու մշակույթի մասին,  անհիմն ու անհեթեթ  բաներ են՝ տարբեր չկայացած մարդկանց կողմից արտահայտվող»։

Երիտասարդ գիտնական Գևորգ Վարդանյանը, ով նաև ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահն է, վստահեցնում է, որ ՀՀ նախագահն ու կառավարությունը վերջին տարիներին հատկապես գիտության զարգացման բնագավառում  մեծ ջանքեր են ներդրել: Երկու տարի է, որ ՀՀ նախագահի հովանում ներքո գործում  է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որի բյուջեն 200 մլն դրամ է: Երիտասարդը,  թերևս անուղղակիորեն, սակայն, չի կիսում ավագ սերնդի ներկայացուցիչների այն կարծիքը, որ իրենք  Հայաստանից դուրս գալու հնարավորություն չունեն։ «Բավականին շատ դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում զուտ երիտասարդների համար։ Մասնավորապես՝ ԿԳՆ գիտության պետակա կոմիտեի կողմից մինչև 35 տարեկան երիտասարդների համար իրականացվում են դրամաշնորհային ծրագրեր, և այն երիտասարդները, ովքեր իրոք , գիտությամբ են զբաղվում, նրանք մեծ հնարավորություն ունեն շահելու այդ դրամաշնորհները»,- ասում է։

Երիտասարդ գիտնականը նույնպես կարևորեց սոցիալական խնդիրների լուծման հարցը։ Սա թերևս այն հարցն է , որը միավորում է երեք՝ կրտսեր, միջին ու  ավագ սերունդների ներկայացուցիչներին: Նրանց դժգոհությունը  լրագրողները փոխանցեցին ԳԱԱ  այցելած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ «Սիլիկոնյան հովտում,  երբ հանդիպում էինք աշխարհի ամենալավ ուսումնական կենտրոններում, նրանք նույնպես ունեն ֆինանսական պրոբլեմներ: Ամբողջ խնդիրն այն է,  ինչպես ապահովել կապը գիտության, ֆինանսավորողների արտադրության  միջև»,- ասաց Տիգրան Սարգսյանը։

Վարչապետը ԳԱԱ- ում էր ակադեմիայի 70-ամյակի առթիվ, այստեղ էին նաև բազմաթիվ հյուրեր, այդ թվում նաև Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, ով նկատեց, որ  Հայաստանի ԳԱԱ-ում մթնոլորտն ավելի լավ է, քան՝  Ռուսաստանի, գիտական ներուժը բարձր հիմքերի վրա է,  կան, իհարկե, ֆինանսական խնդիրներ, սակայն Հայաստանում հասկանում են, որ գիտությունը հպարտություն է, մինչդեռ Ռւոսաստանում շատերը դա չեն հասկանում։

Ցուցադրել ավելի
Back to top button