ԿարևորՀասարակություն

Բացվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը. այն ունի լազերային բացառիկ սարքեր

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ եւ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Երեւանում բացվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը եւ Ս. Ներսես Մեծ գիտաբժշկական հաստատությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաեւ շվեյցարահայ բարերարներ տեր եւ տիկին Տիգրան եւ Հելենա Իզմիրլյանները։

Վերաբացված Իզմիրլյան բժշկական կենտրոնը, որ գործում է Մայր աթոռ Ս. Էջմիածնի հովանավորության ներքո, հիմնանորոգվել, վերազինվել ու համալրվել է շուրջ 6 տարի: Նախագահ Սերժ Սարգսյանը շրջելով կենտրոնում շանոթացավ բուժհաստատության հնարավորություններին: 2008-ից այստեղ սկսված աշխատանքներն արդեն ավարտուն ու ամբողջական տեսքով են ներկայացվում երկրի ղեկավարին: Որոլոգիայի բաժանմունքի վարիչ Արթուր Գրաբսկու խոսքով` թեպետ լազերային վիրահատության նորագույն սարքերն ունեն մեծ արժեք, այսուհետ վիրահատություններն էլ կանցկացվեն ավելի արդյունավետ ու արագ, սակայն գնային քաղաքականությունը չի փոխվել, նույնն է, ինչ ստանդարտ վիրահատությունների ժամանակ էր։

Կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Մուրադյանի խոսքով` վերազինված հաստատությունը հնարավորություն կտա առավել մեծ արդյունավետությամբ իրականացնել այն խնդիրները, որոնք դրված են բուժհաստատության առջեւ, կատարել այնպիսի վիրահատություններ, որոնք առաջարկում են աշխարհի նմանօրինակ առաջատար կենտրոնները:

Նոր թափ ու նոր շունչ է ստանում հաստատությունը, ձեւակերպեց տնօրենը: Այստեղ առկա են  լազերային բացառիկ սարքեր, որոնք թույլ են տալիս կենտրոնում կատարել տարեկան շուրջ 3500 վիրահատություն, 6-7 հազար ախտորոշիչ միջոցառումներ: Կենտրոնը բացառիկ է տարածաշրջանում, իսկ գները բարձր չեն առաջատար կենտրոնների համապատասխան ծառայություններից։

Գործադիր տնօրենի փոխանցմամբ` կենտրոնի մասնագետները վերապատրաստվել են միջազգային հեղինակություն ունեցող կլինիկաներում: Գերժամանակակից կենտրոն ունենալու համար ներդրվել է 12 մլն դոլար` Իզմիրլյան հիմնադրամի եւ տիկին Լուիս Սիմոն Մանուկյանի կողմից: Բուժհաստատության բացմանը ներկա էին տեր եւ տիկին Տիգրան եւ Հելենա Իզմիրլյաննները: Շնորհավորանքի խոսքում անդրադառնալով Իզմիրլյան հիմնադրամի գործունեությանը Հայաստանում եւ ԼՂՀ-ում եւ շեշտելով, որ ամենամեծ ներդրումը բժշկական այս հաստատությունն է` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարեց Տիգրան Իզմիրլյանին «Սուրբ Էջմիածնի ասպետ» տիտղոսով եւ շքանշանով պարգեւատրելու մասին:

Իր հերթին` Տիգրան Իզմիրլյանը նկատեց, որ այս կենտրոնի բացումը Հայաստան-Սփյուռք կապի եւս մեկ արգասիքն ու առհավատչյան է: Նա վստահություն հայտնեց, որ բուժհաստատությունը կպահպանի իր առաջատար դիրքերն ամբողջ տարածաշրջանում` խոստանալով նաեւ աջակցել բոլոր այն առաջարկություններին, որոնք կնպաստեն կենտրոնի զարգացմանն ու առավել կատարելագործմանը:

Իսկ մինչ այս նախագահ Սերժ Սարգսյանն ազգային բարերար Տիգրան Իզմիրլյանին պարգևատրել է ՀՀ պետական բարձր պարգևներից մեկով՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով՝ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև երկարամյա ազգանվեր գործունեության համար: Պարգևատրման արարողությանը ներկա են գտնվել նաև Իզմիրլյան ընտանիքի անդամները:

Back to top button