Քննարկվել են Մաքսային միությանն անդամակցելության իրավաչափությունը


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Կա՞ արդյո ք հակասություն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման ու Սահմանադրության միջև. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ հակասություն կա. սեպտեմբերի 3-ի հայտարարությունը, ըստ նրա, չի տեղավորվում ժողովրդավարական կառավարման հիմնական սկզբունքների շրջանակի մեջ: Խոսքը որոշումների կայացման թափանցիկության, հրապարակայնության ու կանխատեսելիության մասին է։
Սաքունցը պատրաստվում է այս հակասությունը վիճարկել դատարանում։ «Հայցն անպայման մտնելու է դատարան: Բողոքարկվելու է նախ Սերժ Սարգսյանի որոշումը, ապա նաև կառավարության որոշումը միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին: Պահանջելու ենք դրանք ճանաչել ոչ իրավաչափ և սահմանադրական սկզբուքներին հակասող»,- ասում է։
«Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ ֆորմալ առումով սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունն ու Սահմանադրությունը հակասություն չունեն, թեև խախտված է հրապարակայնության սկզբունքը: Որևէ քննարկում, բանավեճ կամ նախապատրաստական այլ աշխատանք այս թեմայով չի եղել, ասում է իրավապաշտպանը , բայց նաև նշում, որ սահմանադրական վեճի առարկա կարող է դառնալ միայն իրավական ակտը, բայց ոչ գործողությունը կամ մտադրությունը։ «Այն հայցը, որի մասին խոսում է պարոն Սաքունցը , չի կարող դառնալ սահմանադրաիրավական վեճի առարկա: Միջազգային պայմանագրերը չեն կարող ՍԴ-ում քննարկվել որպես կիրառված իրավական ակտ։ Դրանք նախնական քննության են ենթարկվում ՍԴ-ում ու դատարանը տալիս է իր եզրակացությունը՝ համապատասխանում է Սահմանադրությանը, թե՝ ոչ »։
Փոխարենը, ըստ Արտակ Զեյնալյանի, խնդիրը վիճարկման առարկա կարող է դառնալ ընդհանուր իրավասության դատարանում: Արթուր Սաքունցը նշեց, որ որպես առաջին քայլ պատրաստվում են դիմել Վարչական դատարան: Նպատակը, ըստ նրա, որ միայն Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը դիմագրավելն է, այլ նաև հարցի շուրջ քննարկում սկսելը։