ԿարևորՀասարակություն

Սննդի անվտանգությունը պետական ու հասարակական սեկտորի աչքերով

Արմինե Գեւոգյան
«Ռադիոլուր»

Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունը այս տարվա ընթացքում ինքնուրույն ոչ մի լուրջ բացահայտում չի արել, այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, սակայն Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանն էլ հակադարձեց, որ նախորդ տարվա ընթացքում հայտնաբերած խախտումներից հետո այս տարի 70 տոկոսով բարելավվել է վիճակը: Բաբկեն Պիպոյանը նշեց, որ պաղպաղակի շուկայում ստուգումներ կատարվել են այն ժամանակ, երբ Նոյի տապանն է իջել։ Արարատյանն էլ պատասխանեց. «Չգիտեի, որ Նոյի տապանը տարին մեկ իջնում է»։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ը միշտ ցանկացել է համագործակցել Սննդամթերքի անվտանագության պետական ծառայության հետ, սակայն այդ փոխգործակցությունը այնքան էլ չի ստացվել։ ՀԿ-ն չունի լաբորատորիաներ, որպեսզի պարզի, թե տվյալ սննդամթերքի որակական չափանիշները համապատասխանո՞ւմ են ստանդարտներին, ուստի խախտում արձանագրելու դեպքում դիմում են Սննդի անվտանգության պետական ծառայությանը, որպեսզի իրենք որոշակի միջառումներ ձեռնարակեն, սակայն ապարադյուն։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն պաղպաղակի շուկայում հայտանաբերում է մակնշման հետ կապված խնդիր և կոչ անում սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, հիմք ընդունելով պաղպաղակների սխալ մակնշումը, իրականացնել դիտարկում և փորձաքննության ենթարկել պաղպաղակները։ Փոխադարձ երկկողմանի աշխատանքներ իրականացնելու փոխարեն՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, այլ որոշում է ընդունում։

«Հուիսի 28–ին, իր պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակում, որ ոչ մի ընկերություն, բացի «Շանթ»-ից, ոչ մի խախտում չի արել: Երբ վարչապետից գրություն ստացան, նույն սննդի անվտանգության պետական տեսչությունը, նույն պաշտոնական կայքում ինքն իրեն հերքող հայտարարություն տարածեց,որ հանդիպում են ունեցել պաղպաղակ արտադրող ընկերությունների հետ, տվել են հանձնարականներ, որպեսզի խախտումները վերացնեն: Փաստորեն՝ երեք օրվա մեջ նրանք իրենց հերքող հայտարություն են տարածում»,- ասում է Պիպոյանը։

Բաբկեն Պիպոյանի այս հայտարարությանը հակադարձեց Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը` ասելով, որ այն ընկերություններում, որտեղ շրջանառությունը 70 միլիոնը չի գերազանցում, ստուգումներ իրականացնելու համար հարկավոր է վարչապետից թույլտվություն ունենալ։ «Մենք գործում ենք օրենսդրության սահմաններում. պետք է դիմենք, ստանանք թույլտվություն: Այսինքն, այս գործողությունները ժամանակ է պահանջում: Սննդի անվտանգության ոլորտում չկա խնդիր, որ լուծվի մեկ շաբաթում եւ տպավորություն է ստեղծվում, որ մեզ ասում են, նոր ենք անում։ Մեզ ասողը օրենսդրությունն է, մենք իրավունք չունենք շեղվել դրույթներից»,- ասաց նա։

Բաբկեն Պիոյանը պնդեց իր տեսակետը` ասելով, որ պաղպաղակի շուկայում ստուգումներ կատարվել են այն ժամանակ, երբ Նոյի տապանն է իջել։ Արարատյանն էլ պատասխանեց. «Չգիտեի, որ Նոյի տապանը տարին մեկ իջնում է»։

Ի դեպ՝ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը  սպառողներին խորհուրդ տվեց անհրաժեշտության դեպքում պահանաջել սերտիֆիկատներ, հատկապես՝ կաթնա- մսամթերքներ գնելիս։

 

Back to top button