Տնտեսական

Մթերման այս տարվա ծավալներն ավելացել են

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Մեր երկրում  մինչև մթերման սեզոնի մեկնարկը  գյուղացիները վերամշակող ընկերությունների հետ   9270 պայմանագիր են կնքել,  որից 8800 խաղողի, 470-ը՝ պտուղ բանջարեղենի գնման: Պայմանագրերի շրջանակներում գյուղացիներին տրամադրվել է 78 մլն դրամի կանխավճար, 250 մլն դրամի բուժանյութեր։ Այս թվերն այսօր գյուղատնտեսության նախարարության կազմակերպած ամենշաբաթյա քննարկման  շրջանակներում լրագրողներին փոխանցեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: 


Վերջինս վստահեցնում է, որ նախորդ տարվա համեմատ մթերման ծավալներն ավելացել են։ «
Պտուղ բանջարեղեն ու խաղող վերամշակող ձեռնարկությունները մթերել են 45 հազար տոննա պտուղ բանջարեղեն՝  16 800 տոննա լոլիկ , 2000 տոննա սմբուկ, 21 հազար տոննա պտուղ, մթերվել է 157 340 տոննա խաղող: Այս թիվը հավասար է անցյալ տարվա ամբողջ մակարդակին։ Մթերումը շարունակվում է, այս ցուցանիշը  մենք կգերազանցենք»։

Այսօրվա դրությամբ՝ ՀՀ-ից արտահանվել է 43 400 տոնա պտուղ- բանջարեղեն, նախորդ  տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 23 600 տոննա պտուղ- բանջարեղեն։ Այս տարի աննախադեպ էր ծիրանի արտահանումը՝ ավելի քան 23 հազար տոննա։

Փոխնախարարն ասաց, որ խաղողի նվազագույն գինը Արարատյան դաշտավայրում 145 դրամ է, Արենի տեսակը մթերվում է ՝ 200 եւ ավելի  դրամով։ Մակարյանը, սակայն, իր ներածական խոսքում չնշեց, որ Արենի տեսակի խաղողի գինը 20 և ավելի դրամով բարձրացավ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի բնակիչների բողոքի ակցիաներից հետո միայն:  Հիշեցնեմ՝ մի քանի օր առաջ նրանք մարզում դժգոհություններ էին հայտնել ու սպառնացել փակել միջպետական մայրուղին:

Լրագրողների հարցից հետո միայն պաշտոնյան հայտարարեց, որ «հիմնական խնդիրը գինն է, որ վերամշակող ընկերություններն առաջարկել Էին 180 դրամ, գյուղացիները  չէին համաձայնում դրան: Խոշոր մթերող ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում համաձայնության եկան, որ գինը բարձրացվի  նվազագույնը 200 դրամ։ Նախարարն անձամվ այցելեց և այդ խնդիրը լուծվեց: Մթերումներն ակտիվորեն ընթանում են Աղավնաձոր համայնքում և այսօրվա  դրությամբ 497 տոննա խաղող աղավնաձոր համայնքից մթերվել է»։

«Վճարումները հիմնականում տեղում են կատարվում, էական պարտքեր չկան, եթե լինեն փոքր պարտքեր, դրանք տեխնիկական խնդիր են, որ այսօրվա դրությամբ կարող են վերամշակողներն ունենալ»,- հայտարարեց գյուղատնտեսության փոխանախարարը։

Քննարկմանը ներկա երկու վերամշակող ընկերությունների տնօրենները հայտարարեցին, որ իրենց պլանավորածից քիչ  բերք են մթերել:  «Նոյան» հյութերի գործարանը ներկայացնող «Եվրոթերմ» ընկերության տնօրեն Վահե Ղազարյանը փոխանցեց, որ ավելի քան 35 անուն պտուղ- բանջարեղեն են մթերել , վերամշակել են 5100 տոննա, որից 150 տոննան, ի դեպ, սեփական արտադրության բերքն է։ «Մեր պլանավորած լոլիկի տասը տոկոսն էլ չկարողացանք  վերամշակել, որովհետև քանակ չի եղել: Հիմնական լոլիկն ուղղվել է դեպի ավանադական տոմատի մածուկ արտադրող ընկերություններ։ Մենք, ցավոք սրտի, պլանավորած 6000 տոննան չկարողացանք մթերել: Որակի խնդիր ունենք»,- ասաց։

Որակի խնդիր կա, հավելեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ «Ես չեմ վախենում ասել, որ գյուղացիները տալիս են վերամշակող ընկերություններին բերքի անորակ մասը: Լավագույն ապրանքային տեսքով ապրանքը բարձր գնով  տալիս են արտահանողներին, մյուս մասը՝ իրացնում են տեղական շուկայում, վերամշակողներին բաժին է ընկնում մնացած մասը: Անընդհատ գնի մասին են խոսում։ Օրինակ՝ լոլիկը 32 կամ 35 դրամ է։ Դա այն լոլիկը չի, որ շուկայում վաճառվում է 150 կամ 200 դրամով: Նույնը  ծիրանի մասով»։

Ի դեպ՝ Ռոբերտ Մակարյանը պատասխանեց նաև իրենց հասցեին հնչող քննադատություններին։ «Անընդհատ մեզ մեղադրում են պլանավորման բացակայության մեջ , բայց պետք է մենք հիշենք, որ արդեն քսան տարի  մենք ընտրել ենք ազատ շուկայական հարաբերություններ։ Գյուղացիները նույնպես պետք է ընկալեն, որ իրենք տնտեսվարող սուբյեկտներ են և իրենց իրացման, մնացած արտադրության հարցերը կազմակերպեն իրենք, բայց քանի դեռ այսօր մենք չենք հասել գիտակցության այդ մակարդակին, պետությունը փորձում է միջնորդ հանդիսանալ վերամշակողի, արտահանողի և գյուղացու միջև»։

Ցուցադրել ավելի
Back to top button