Հանրությանը ներկայացվեց Լեւոն Անանյանի «Ժամանակ և ոգի» ժողովածուն


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հայաստանի գրողների միությունում կայացած հուշ-ցերեկույթի ընթացքում այսօր մեկ անգամ ևս արժեւորել են ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, սեպտեմբերի 2-ին կյանքից հեռացած անվանի գրող Լևոն Անանյանի ստեղծագործական ժառանգությունը: Միջոցառմանը ընթերցողի դատին է հանձնվել Բեյրութում լույս տեսած Լևոն Անանյնանի «Ժամանակ և ոգի» հրապարակախոսական ժողովածուն:
Գրողի մահվանից մոտ մեկ ամիս անց հրատարակված հատորն ամփոփում է Լևոն Անանյանի Հայաստանի անկախացումից հետո տպագրած հրապարակախոսական, գեղարվեստական մի շարք ստեղծագործություններ, ելույթներ ու հրապարակումներ։ Դասական ուղղագրությամբ լույս տեսած «Ժամանակ և ոգի» հատորը ներկայացնում է հեղինակի գրական ժառանգության ընտրանին : Գիրքը լույս է տեսել Լիբանանում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տպարանում: Այն խմբագրել է Անթիլիասի հայագիտական և կրթական գրասենյակի ղեկավար Սարգիս Կիրակոսյանը:
«Լևոնին խոստացել էի, որ մինչև հոկտեմբերի 13-ը գիրքը պատրաստ կլինի ու լավ նվեր կդառնա ծննդյան օրվա առիթով։ Գիրքն ահա բերել եմ, բայց Լևոնն, ավաղ չկա»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում այսօր ցավով նկատեց Սարգիս Կիրակոսյանը։ Դասական ուղղագրությամբ լույս տեսած գիրքը հասցեագրված է մասնավորապես սփյուռքահայ ընթերցողին: Սարգիս Կիրակոսյանի բնորոշմամբ՝ այն վերանկախացված Հայաստանի 20-ամյա կյանքի արժեքավոր վկայագրություն է: Այստեղ հեղինակի ցավն է, տագնապները, միաժամանակ՝ անսահման լավատեսությունը ապագայի հանդեպ։