ԿարևորՔաղաքական

Կրկին նամակ, եւ կրկին՝ Ռուսաց թագավորին

Գրող, հրապարակախոս Զորի Բալայանը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Երկարաշունչ նամակում նա նախագահ Պուտինին կոչ է անում պատմական ճշմարտությունը պաշտպանել եւ հիշեցնում, որ Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղն անցել է Ռուսաստանին։

ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը դեռևս ծանոթ չէ Զորի Բալայանի նամակին, ինչի մասին ասել է Henaran.am-ին: Արցախյան շարժման ակունքներում կանգնած նախկին վարչապետը նշել է, որ չի մեկնաբանի այդ նամակը, եթե նույնիսկ կարդա: Իսկ երբ կայքի լրագրողը տեղեկացրել է, որ նամակով Զորի Բալայանն ըստ էության առաջարկում է ՌԴ-ին վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին, որով ԼՂՀ- ը ընդգրկված էր Ռուսաստանի կազմում, Մանուկյանն արձագանքել է. «Դա անիմաստ բան է։ Եթե մեկը պնդում է, որ պետք է լինի Ռուսաստանի կազմում, նա չարաչար սխալվում է, ու երկրորդ կարծիք չի կարող լինել: Անկախ նրանից, ով է գրում այդ նամակը, դա ճիշտ չէ»,- ասել է Վազգեն Մանուկյանը։

Իսկ քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշել է, որ Զորի Բալայանն առաջնորդվել է հին հայկական ավանդույթով՝ «նամակ գրել ռուսների էլիտային»: «Սա այն ժանրն է, որ մեզ մոտ կա՝ «Նամակ ռուսաց թագավորին»: Ես՝ որպես Հայաստանի քաղաքական պատմությանը քիչ թե շատ ծանոթ մարդ, չեմ տեսել, որ թղթերով ինչ- որ բան լինում է, բայց պիտի ընդունենք, որ գոնե քարոզչական իմաստով սա սեփական ժողովրդին սեփական դիրքորոշումը ցույց տալու ձև է, նաև Ռուսաստանի ինչ-որ քաղաքական շրջանակների»,- ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

«Գալա» հեռուստաընկերությունն էլ փորձել է  պարզել արդյո՞ք  Սերժ Սարգսյանը տեղյակ էր, որ Զորի Բալայանը նման բովանդակությամբ նամակ է պատրաստվում գրել Պուտինին։ Զ. Բալայանին ե՛ւ զարմացել, ե՛ւ զայրացրել է, ու պատասխանել. « Ես նամակ եմ գրել նաեւ Բրեժնեւին, չի իմացել այդ մասին Դեմիրճյանը, ես գրել եմ Գորբաչովին, չի իմացել այդ մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես գրել եմ Ելցինին, չի իմացել այդ մասին, ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանը…»։

Back to top button