ԿարևորՔաղաքական

Թբիլիսահայ համայնքը հանդիպում է նախագահի թեկնածուների հետ, առաջինը՝ Նինո Բուրջանաձեն էր

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թիլիսի

Վրաստանը պատրաստվում է հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններին։ Չնայած գրանցված է 23 թեկնածու, սակայն, ինչպես նշում են մի շարք փորձագետներ, պայքարն ընթանալու է երեքի՝ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» կոալիցիայից Գեորգի Մարգվելաշվիլիի, նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժում » կուսակցությունից Դավիթ Բաքրաձեի և «Ժողովրդական շարժում` Միասնական Վրաստան» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեի միջև: Վերջինս արձագանքելով Վիրահայոց թեմի իրավաբանական հարցերով, պետության հետ հարաբերությունների և միջկրոնական համագործակցության բաժնի` նախագահի բոլոր թեկնածուներին ուղղված թբիլիսահայ համայնքի հետ հանդիպելու առաջարկությունը, երեկ այցելել է Հավլաբարի սուրբ Էջմիածին եկեղեցի, այնուհետև «Հայարտուն» մշակութային կենտրոնում հանդիպել հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:

Վրաստանի նախագահի թեկնածու Նինո Բուրջանաձեի նախընտրական ծրագրում կարևոր տեղ է զբաղեցնում ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցը: Ըստ Բուրջանաձեի՝ մեծ տեղ է հատկացված նաև վրացերեն լեզվի պահպանմանը. «բոլորը պետք է իմանան վրացերեն եւ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները լավ տիրապետեն վրացերենին, -ասաց Բուրջանաձեն՝ միևնույն ժամանակ հավելելով,- «բայց դա չի նշանակում իրենց մայրենիի հաշվին։ Պարզ է, որ մարդն առաջին հերթին պետք է իմանա իր մայրենի լեզուն: Ես վերջերս եղել եմ Սամցխե-Ջավախեթիում և տեսա, որ մարդիկ հասկանում են վրացերեն, սակայն դժվարանում են խոսել: Կարևորը` նկատեցի նրանք ուզում են սովորել, որպեսզի լիարժեք մասնակցություն ունենան երկրի քաղաքական գործընթացներին»։

Անկախ իրենց ազգային պատկանելիությունից պետք է բոլորն իրենց զգան այս երկրի լիարժեք քաղաքացիներ, ասում է։ «Մեր երկիրը բազմազգ երկիր է և նրա ուժը կայանում է նրանում, որ բոլորը իրենց զգան իրավահավասար, պետության կողմից պաշտպանված: Ես այս ամենին հասնելու եմ գործով և ոչ միայն խոսքերով»։

Թեկնածուն նաև վստահեցրեց, որ նախագահ ընտրվելու դեպքում հայ- վրացական հարաբերություններն էլ ավելի կջերմանան, երկու երկրները տարածաշրջանային համատեղ ծավալուն նախագծեր իրականացնելու հնարավորություն կունենան։

Իսկ ում են ընտրելու համայնքի ներկայցուցիչները, միանշանակ դժվար է ասել: Հանդիպման մասնակիցների մեջ կային մարդիկ, ովքեր նախագահի պաշտոնում Բուրջանաձեին են տեսնում, կային նաև մարդիկ, որ այլ թեկնածուների են նախընտրում։ Թբիլիսահայ համայնքն ակնկալում է, որ նախագահի մյուս թեկնածուները ևս պատրաստակամություն կհայտնեն հանդիպել իրենց հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button