Հասարակություն

Աշխատում են օրինական դաշտում. դեղարտադրողների եւ գիտնականների կարծիքները չեն համընկնում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի դեղորայքի շուկայում լիցենզավորված լինել-չլինելու աբսուրդ իրավիճակ չկա: Բոլոր դեղարտադրող եւ ներմուծող կազմակերպություններն էլ լիցենզավորված են եւ գործում են օրինական դաշտում, այսօր վստահեցրել է ՀՀ դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը` անդրադառնալով վերջին շրջանի հայտարարություններին, թե Հայաստանի դեղարտադրող եւ ներմուծող կազմակերպություններից որեւէ մեկն օրինական դաշտում չի աշխատում եւ չունի լիցենզիա: «Հայտարարությունները, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում»,-շեշտել է Սամվել Զաքարյանը։

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե Հայաստանի դեղարտադրողները չունեն Ջի-էմ-Փի միջազգային ստանդարտներին համապատասխանության սերտիֆիկատ. Սամվել Զաքարյանի խոսքով` տվյալ ստանդարտը կապ չունի դեղարտադրության հետ եւ իրենք երբեւէ չեն հայտարարել, թե որեւէ մեկն ունի այդ ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ: Այդ սերտիֆիկատն ունենալու համար երեք կազմակերպություն է դիմել եւ շուտով նրանք դա կունենան: 


Սամվել Զաքարյանի փոխանցմամբ` Ջի-էմ-Փի-ն նոր համակարգ է, որը կառավարությունն ընդունել է եւ ժամկետներ սահմանել, որպեսզի հայաստանյան դեղարտադրողները իրենց գործունեությունը համապատասխանեցնեն դրան:   «Բ
ոլոր ցանկացող կազմակերպությունները, ովքեր հիմնականում ուզում են արտահանել, այդ հավաստագրումը կանցնեն»։

Կառավարությունն ընդառաջել է դեղարտադրողներին` հնարավորություն տալով յուրաքանչյուրին, որ ինքը ներկայացնի այն վերջնաժամկետը, երբ կկարողանա անցնել տվյալ ստանդարտներին, տեղեկացրեց Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահը։ «Լինքոր» ընկերության տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանի խոսքով` Ջի-էմ-Փի ստանդարտներին համապատասխանելու համար ընկերություններին տրվել է բավականին երկար ժամանակ, բացի այդ` նրանք թե կառավարության, թե միջազգային կազմակերպությունների կողմից կարող են ստանալ աջակցություն` վերազինվելու համար։, «որպեսզի ընկերությունները արագ ձեւով անցնեն Ջի-Էմ-Փի սերտիֆիկացիայի եւ արտահանման ծավալները մեծացնեն»։

Գործընթացը երկար է ու շարունակական եւ արտասահմանյան երկրներից համապատասխան փորձագետներ արդեն 8 ամիս աշխատում են հայաստանյան դեղարտադրող ընկերությունների հետ` գործընթացն անցնելու համար: Թե Սերգեյ Մաթեւոսյանը, թե Սամվել Զաքարյանը չկիսեցին մտահոգությունը, որ տվյալ ստանդարտին համապատասխանեցումը կարող է հնարավոր լինել միայն խոշոր ընկերությունների համար: Նրանք վստահեցրին, որ կառավարությունը ընդունել է հայոց լեզվով տվյալ կարգը եւ ճիշտ չեն այն պնդումները, թե ընկերությունները պետք է օտար լեզուներով ծանոթանան դրան:

Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության ղեկավար Սամվել Զաքարյանի փոխանցմամբ` կան միայն որոշակի հանձնարարականներ, որոնք կարող են արագ-արագ փոփոխվել եւ հենց այդ պատճառով տվյալ դեպքերում կառավարությունը հղում է կատարել սկզբնաղբյուրներին: Սերգեյ Մաթեւոսյանն իր հերթին շեշտեց, որ ցանկացած դեղարտադրող աշխարհում պարտավոր է գործել Ջի-էմ-Փի ստանդարտին համապատասխան: Գործընթացը, իհարկե, բարդություններ ունի, բայց դրա համար էլ տրված է բավականին երկար ժամանակ: Բանախոսի ձեւակերպմամբ` այլ բան, որ կան դեղարտադրողներ, ինչպիսին ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնն է, որի հիմնական նպատակը գիտահետազոտական աշխատանքը պետք է լինի, ոչ թե գործարանային արտադրանքով զբաղվելը:

Սերգեյ Մաթեւոսյանի կարծիքով` նման ընկերությունները պետք է պարզապես պիլոտային, փորձնական պարտիաներ արտադրեն՝ պայմանագրային հիմունքներով հանձնելով Ջի-Էմ-Փի սերտիֆիկատ ունեցող գործարաններին: Մի բան, ինչը, ըստ դեղարտադրող ընկերության ղեկավարի, արվում է ամբողջ աշխարհում։

Ցուցադրել ավելի
Back to top button