Քաղաքական

Ազատամարտիկներն ու վարորդները միանում են՝ խնդիրները համատեղ լուծելու համար

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկները, ավտոներկրող կազմակերպությունների ներկայացուցիչներն ու տաքսիների վարորդներն այսօր կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել են իրենց միավորման մասին` հույս ունենալով, որ այդպիսով կկարողնանան իրենց խնդիրների մասին բարձրաձայնել և լուծումներ ստանալ։

Մեր երկրում բզկտման քաղաքականությունը շարունակվում է ե հաշվի առնելով այս ամենը` ազատամարտիկները որոշել են ստեղծել աշխարհազոր և միասնաբար փորձել լուծում տալ բոլոր մարտահրավերներին։ Հայաստանի դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը սրա մասին առաջին անգամ չէ, որ ասում է։ Այսօրվա նորությունն այն էր, որ ազատամարտիկներին միանում են նաև ավտոներկրող կազմակերպությունների ներկայացուցիչներն ու տաքսիների վարորդները: Եթե ազատամարտիկները փորձում են համախմբելով ուժերը, պայքարել համատարած սանձարձակության դեմ, ապա  ավտոներկրող կազմակերպությունների ներկայացուցիչները պարզապես չեն հասկանում, թե ինչու իրենք չեն կարողանում մտնել հարկային դաշտ:

«Փաստացի՝ 20 տարուց ավելի այս մարդիկ կամ «գռդոնչու», կամ «դալալի» պիտակ ունեն, որովհետև իշխանությունները այդ մարդկանց բիզնեսը չեն օրինականացնում: Մեր երկրում այս երևույթին պետք է վերջ դնենք և վերջ են դնելու ազատամարտիկները ժողովրդով: Մեր վարորդները սոսկ վարորդ չեն, նախ՝ ժողովուրդ են , ապա նոր ամեն մեկն իր արհեստի տեր մարդն է»,- ասում է Սուրեն Սարգսյանը։

Իրենց խնդիրների մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են, դիմել են նույնիսկ պատկան մարմինների: Վերջին անգամ, ի դեպ, մեկ ամիս առաջ թե գրավոր, թե բանավոր, սակայն մինչ օրս որեւէ  պատասխան չեն ստացել, հայտարարեց Ավտովարորդների պաշտպանության լիգային նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ Միանալով ազատամարտիկներին` Տիգրան Հովհաննիսյանը կարծում է, որ ձևավորված կլոր սեղանի կամ պայքարի միջոցով իրենց ձայնը տեղ կհասնի ու նրանք վերջապես կստանան կարգավիճակ:

Քննարկում, ի դեպ, տեղի է ունենալու ուրբաթ օրը, որին մասնակցելու են Ազգային ժողովրդավարական միություն, Հայ ազգային կոնգրես, Սոցիալ- դեմոկրատ Հնչակյան, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանրապետություն»  կուսակցությունների ներկայացուցիչները։

Ցուցադրել ավելի
Back to top button