ԿարևորՀասարակություն

Օծվեց Եկատերինբուրգի նորակառույց Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցին (ֆոտոշարք)

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ այսօր օծվեց  Եկատերինբուրգի նորակառույց Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցին։ Քաղաքի կենտրոնում կառուցված 37 մետր բարձրություն ունեցող տաճարի ճարտարապետն է Հակոբ Գասպարյանը, որմնանկարիչը` Արտյոմ Մելքոնյանը: Այն կառուցվել է Եկատերինբուրգի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանի բարերարությամբ։
Հայկական եկեղեցու օծման առիթով ողջ մարզից Եկատերինբուրգ ժամանած հայորդիներին բաշխելով իր հայրապետական օրհնությունը` Վեհափառ Հայրապետը «Հրաշափառ»-ի երգեցողության ներքո թափորով մուտք գործեց նորակառույց տաճար:

Օծման արարողությանը ներկա էին Ռուս Ուղղափառ Եկեղեցու Վերխոտուրի և Եկատերինբուրգի միտրոպոլիտ Կիրիլը, Սվերդլովյան մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևը, փոխնահանգապետ Յակով Սիլինը, նահանգային և քաղաքային իշխանությունների, ինչպես նաև Ռուսաստանի հայ համայնքի և թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Օծման արարողության ավարտին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ ընդառաջ Սվերդլովյան հայ համայնքի խնդրանքին, ժամանել է Եկատերինբուրգ` հայրապետական իր օրհնությունն ու սերը բաշխելու Ռուսաստանի հողում հաստատված իր զավակներին և օծելու նրանց ջանքերով կառուցված աղոթատունը:

Այնուհետև այս առիթով հայ համայնքին շնորհավորեց Վերխոտուրի և Եկատերինբուրգի միտրոպոլիտ Կիրիլը` իր խոսքում անդրադառնալով նաև եկեղեցու կարևոր առաքելությանը մարդկային կյանքում: Կիրիլի միտրոպոլիտը նորակառույց եկեղեցուն ընծայեց Ս. Հարության սրբապատկեր:

Տաճարի օծման առիթով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անունից նորակառույց եկեղեցուն ակնակուռ ձեռաց խաչ փոխանցեց ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը:

Օծման արարողությունն ամփոփվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորակառույց եկեղեցու երկար սպասված օծման կապակցությամբ շնորհավորելով հայորդիներին` Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ այն պիտի ամենքին համախմբի իր շուրջ, կերպարանափոխի հայ համայնքի կյանքը և լցնի  օրհնությամբ, հոգևոր լույսով ու շնորհներով: «……Այս եկեղեցին այլևս պիտի լինի հոգևոր-ազգային կենտրոնը ձեր համայնքի, և պիտի ապրեք ու գործեք հոգու առավել զորությամբ, Ավետարանական սուրբ պատգամներով, մեր հայրերի ժառանգության հանդեպ նախանձախնդրությամբ ու հայրենական ավանդներով: Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու շինությամբ դուք, սիրելիներ, վերստին վկայեցիք, որ մեր ժողովրդի աստվածասեր ոգին դարեր շարունակ արտացոլվում է նաև եկեղեցաշեն հիանալի գործերում` որպես արտահայտություն աննկուն ու անպարտելի հավատքի, սրբազան արժեքների հանդեպ հավատարմության», — նշեց Գարեգին Բ Հայրապետն իր խոսքում:

Նույն օրը Վերխոտուրի և Եկատերինբուրգի միտրոպոլիտ Կիրիլի ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ռոմանովների ցարական ընտանիքի նահատակության վայրում կառուցված տաճար և թանգարան:

Ցուցադրել ավելի
Back to top button