Հասարակություն

Սիրիահայերը լուրերի են սպասում արաբալեզու կայաններից

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Սիրիական պատերազմի հետևանքով ավելի քան 10 հազար սիրիահայեր եկել են Հայաստան: Շատերը թողել են այնտեղ իրենց մտերիմներին և բարեկամներին, և այստեղից փորձում են լուրեր ստանալ նրանցից։ 70-ամյա Պողոսն ամեն  օր ուշի ուշով հետևում է արաբալեզու հեռուստակայանների լուրերը՝ մաղելով իշխանական և ընդդիմադիր աղբյուրներից ստացվող նորությունները: Եթե հեռախոսակապը գործում է, զրուցում է և Հալեպում մնացած մտերիմների հետ։ Այս մտահոգիչ իրավիճակը կշարունակվի մինչև ճգնաժամն իր խաղաղ լուծումը չստանա, համոզված է մեր հայրենակիցը: Նա իր ընտանիքի անդամների հետ միասին պատերազմի առաջին իսկ օրերից լքեց Սիրիան՝ թողնելով բնակարանը, աշխատանքը, փակելով սեփական խանութը: Եթե հնարավոր լիներ՝ կցանկանար, որ բարեկամներն էլ հեռանային Հալեպից և հաստատվեին Հայաստանում: Այնտեղ անելանելի վիճակ է տիրում, նշեց Պողոսը։ Նա անցյալ դարի 60- ականներին ուսում է ստացել Երևանում և  ստացած գիտելիքները հաջողությամբ կիրառում էր Հալեպում։ Գտնվելով Երևանում՝ Պողոսը մտահոգ է Հալեպում թողած իր ընտանիքի սեփականության անորոշ ճակատագրով։ Լավատեսության հիմքեր այսօր չկան, խոստովանում է մեր հայրենակիցը՝ դեռևս բացառելով վերադարձը Հալեպ: Նա մտադիր է ընտանիքով վերջնակապես հաստատվել հայրենիքում և արդեն հայտ է ներկայացրել Աշտարակում կլառուցվելիք Նոր Հալեպ թաղամասում տուն ձեռք բերելու նպատակով:  Նա և իր ընտանիքի անդամները արդեն ստացել են Հայաստանի քաղաքացու անձնագիրը՝ դառնալով երկքաղաքացի: Հակառակ իր տարիքին՝ 70-ամյա Պողոսը պատրաստ է  աշխատել և այստեղ, օրինակ, տուրիզմի ոլորտում, քանի որ տիրապետում է 6 լեզվի։ Ի դեպ՝ մեր զրուցակցի բարեկամներից ոմանք արդեն աշխատանք են գտել հայրենիքում։ Հալեպից Երևան տեղափոխվածների թվում կան ծանոթներ, որոնց հետ ժամանակ առ ժամանակ նույնպես շփում կա։ Ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում, և 70-ամյա Պողոսը շարունակում է ամեն օր հետևել Սիրիայից ստացվող լուրերին։

Ցուցադրել ավելի
Back to top button