Տնտեսական

Վազգեն Սաֆարյանի լավատեսության հիմքը Մաքսային միությանն անդամակցությունն է

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

2014 թ բյուջեն կրկին սոցիալական ուղղվածություն ունի, հատկացումենրի հիմնական մասը կրկին սոցիալական ոլորտին է ուղղվելու: Նախորդ տարվա համեմատ՝ սոցիալական հատկացումները  նախատեսված են ավելացել  57 մլրդ դրամով կամ 18 տոկոսով : Հատկացումների ավելացումը, սակայն, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանին հույս չեն  ներշնչում։ «Ես համոզված եմ, որ սոցիալական ուղղվածություն ունեցող այս բյուջեն չի կրճատի գործազրկությունը, բավարար քաղաքականություն չի տարվի արտագաղթը կասեցնելու ուղղությամբ»,- ասվում է։

ՀԱԱ նախագահը կրկին նույն կարծիքին է, գործազրկության մակարդակը կիջնի  ու զանգվածային արտագաղթը կնվազի, եթե  տնտեսության հիմնական ճյուղը՝ արդյունաբերությունը, զարգանա ամբողջ ծավալով: Իհարկե՝ դրական է, որ բյուջեում սոցիալական հատկացումներն ավելացել են, սակայն սա իր բացասական կողմը նույնպես ունի։ «Վատ է այն իմաստով, որ ներդրումային քաղաքականության ուղղվածություն չունի մեր բյուջեն։ Ինչպես նախորդ տարիներին, հաջորդ տարի նույնպես որքան գումար հավաքում են, այդքանն էլ ծախսում ենք սոցիալական, պաշտպանական խնդիրների , կառավարական ապարատի պահպանման և այլնի համար»,- ասում է Վազգեն Սաֆարյանը։
Նա հիշում է՝ խորհրդային տարիներին Հայաստանի արդյունաբերությունը հայտնի էր  ԽՍՀՄ-ի ողջ տարածքում, իսկ այսօր արդյունաբերությունը կազմում է ՀՆԱ-ի մոտ  20 տոկոսը միայն: «Երանելի»  տարիներին  արդյունաբերությունը ՀՆԱ- ի 67 տոկոսն  էր կազմում։ «Ֆիզիկական առումներով 9,2 մլրդ ռուբլու արդյունաբերական արտադրանք ենք տվել։ Եթե այս տարին փակվի, մենք 1,1 մլրդ դոլարի արդյունաբերական ապրանք ունենք, մոտ 8-8,5 անգամ քիչ, քան՝ 1988թ ենք ունեցել մենք արդյունաբերական ապրանքների ծավալը»։

 2014 թ  նախատեսվում է 90 մլրդ դրամով (մոտ 200 մլն դոլար )  ավելացնել  հաջորդ տարվա բյուջեի եկամուտները:  Կառավարությունում խոստանում են հարկել միայն խոշոր բիզնեսին: Վազգեն Սաֆարյանի համար նույնպես սա ամենացավոտ հարցերից մեկն է,    հիշեցնում է՝ ՀԲ  տվյալներով ՀՀ տնտեսությունում ստվերը շուրջ  35 տոկոս է կազմում։ «Կարծում եմ, որ կառավարությունը բավարար քաղաքական կամք կկարողանա կիրառել, եթե նա գնում է  հարկերի ճնշումը չմեծացնելու և բյուջետային մուտքերն ավելացնելու, ուրեմն ճանապարհը հիմնականում պետք է անցնի այդ ստվերային տնտեսության կրճատման միջով»։

Իսկ լավատեսություն  Վազգեն Սաֆարյանին ներշնչում են ժամանակները. դրանք փոխվել են, Մաքսային միություն ենք  մտնում, համատնտեսական միասնական օրենքներ են ընդունվելու, ասում է։

 

Ցուցադրել ավելի
Back to top button