Հասարակություն

Սննդի անվտանգության հայ մասնագետներն ուսումնասիրում են ամերիկյան փորձը

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»- Լոս Անջելես

Սննդի անվտանգության ապահովման գործում ամերիկյան փորձը փոխառելու նպատակով երկշաբաթյա աշխատանքային այցով Կալիֆորնիայում էր Հայաստանի գյուղնախարարության Սննդի անվտանգության պետական կոմիտեի պատվիրակությունը: Կառույցի ղեկավար Աբրամ Բախչագուլյանի գլխավորությամբ`կոմիտեի աշխատակիցները այցելել են Կալիֆորնիա նահանգի սննդի և գյուղատնտեսության դեպարտամենտի կաթի եւ կաթնամթերքի անվտանգության ծառայություն, որի պատասխանատուները ներկայացրել են սննդի անվտանգության ամերիկյան չափանիշները և դրանք ապահովելու համար անհրաժեշտ միջոցները:

Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Կալիֆորնիայում գործող «Գարուն» կաթնամթերքի արտադրության ընկերություն` գործնականում ծանոթանալու ամերիկյան ընկերության աշխատանքի պայմաններին:

Սննդի անվտանգության ոլորտի` ամերիկացի փորձագետների հետ հայ մասնագետները քննարկել են Հայաստանի օրենսդրությունն ու կատարվելիք փոփոխությունները` ոլորտը կարգավորելու և առաջիկայում որակական փոփոխություն կատարելու նպատակով:

Պատվիրակությունն այցելել է նաև Կալիֆորնիայի վարչական կենտրոն: Սակրամենտոյում հայ մասնագետները հանդիպել են նահանգի Սննդամթերքի անվտանգության ծառայության տնօրեն Անեթ Ջոնզի և Կաթնամթերքի անվտանգության բաժանմունքի պետ Սթիվեն Բիմի հետ: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու ծառայությունների գործակցության ծրագիր մշակելու մասին:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button