Հասարակություն

Պոլիտեխնիկում դժգոհության հիմնական պատճառը աշխատավարձերի նոր համակարգն է

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Պոլիտեխնիկում ստեղծված լարված իրավիճակի, վերջին զարգացումների և բուհում արհմիութենական կազմակերպության ընդհանուր ժողովի արդյունքների մասին է այսօր խոսել Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը: Նա նշել է, որ հիմնական պատճառը աշխատավարձերի վճարման նոր համակարգն է: Բուհում աշխատանքի արդյունավետ կազմակերպման հարցը դարձել է օրակարգային խնդիր, քանի որ բուհը պակաս միջոցների պարագայում պետք է կարողանա իրականացնել իր առաքելությունը և պատրաստի որակյալ կադրեր, պետք է կարողանա լրջորեն հաշվել ամեն մի դրամի նպատակային, արդյունավետ ծախսը, պարզաբանել է ռեկտորը:

Հայաստանի ճարտարագիտական համալսարանը պարզապես անցել է աշխատավարձերի վճարման նոր համակարգի, որը թույլ կտա դասախոսին վճարել` ըստ իր կատարած աշխատանքի, լրագրողների հետ զրույցում հայտնեց բուհի ռեկտոր Արա Ավետիսյանը: Նրա տեղեկացմամբ` բուհում ստեղծված լարված իրավիճակը պարզապես անհամաձայնություն է վճարման այս նոր համակարգի շուրջ: Դե իսկ վճարման նոր համակարգի անցնելու պատճառները մի քանիսն են: Դրանցից մեկը ուսանողների ավելի պակաս թվով ընդունելությունն է՝ նախորդ տարիների համեմատ, իսկ բյուջեն բավարար չէ նախորդ տարվա աշխատավարձերի չափով վարձատրելու համար։

Նոր համակարգի մասին բուհի աշխատակիցները նոր չէ, որ իմացել են: Նրանց մի մասը նույնիսկ ազնիվ է համարում աշխատանքի նման տարբերակումը, բայց չի համակերպվում այդ նույն համակարգով աշխատավարձերի հնարավոր նվազման հետ։ Այս ամբողջ մեխանզիմը նա ներկայացրել է նաև երեկվա արհմիության ժողովին: Սակայն հիշեցնենք, որ ռեկտորի ելույթի ողջ ժամանակահատվածում դահլիճում հնչում էին դժգոհության ռեպլիկներ:

«Ռադիոլուրի» հարցին, թե ինչով էր պայմանավորված նման արձագանքը, եթե աշխատակիցներին նախապես ներկայացվել է վճարման նոր համակարգը, և շատերը նույնիսկ իրենց գոհունակությունն են հայտնել, ռեկտորը պատասխանեց, որ երեկվա արձագանքն ու աղմուկը իր համար անսպասելի էր։

Ինչ վերաբերում է հաստիքների կրճատմանը, դա անհրաժեշտություն էր, քանի որ դրանք ուռճացված են։ Իսկ սեպտեմբերին կրճատված մի խումբ աշխատակիցների մասով Արա Ավետիսյանը պարզաբանեց, որ լրացել էր նրանց աշխատանքի պայմանագրի ժամկետը: Հիշեցնենք, որ ճարտարագիտական համալսարանի դասախոոսները վերջին շրջանում ընդվզում և բողոքում են համալսարանի ռեկտորի դեմ՝ պահանջելով նրա հրաժարականը։ Դժգոհությունը պայմանավորված է դասախոսների և նրանց աշխատավարձերի զանգվածային կրճատմամբ: Շուրջ 200 դասախոսներ ու դոցենտներ ստորագրահավաք են կազմակերպել` պահանջելով աշխատավարձերի վերանայում, աշխատակիցների վերականգնում։

Back to top button