Հասարակություն

Պալիատիվ օգնության կարիք ունի օրական 3600 հիվանդ

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 11-ին աշխարհում նշում են Հոսպիսի և պալիատիվ օգնության օրը: Ոչ բոլորին ծանոթ անվանմամբ այս խնամքի կարիքը Հայաստանում ամեն օր ունի մոտ 3600 հիվանդ:  Նրանք այն  մարդիկ են, ովքեր տառապում են անբուժելի հիվանդություններով և ցավը մեղմացնող դեղամիջոցների կարիք ունեն։ Հաշվի առնելով նաև այն, որ այս օգնության շահառուն ոչ միայն հիվանդներն են, այլ նաև նրանց ընտանիքի անդամները, ստացվում է, որ պալիատիվ օգնության կարիք ունեցողների  թիվը Հայաստանում մոտենում է 100 հազարի։


Խնամքի այս տեսակն  իր բնույթով  նախ մարդասիրական է, քանի որ նպատակը հիվանդության որոշակի փուլում, երբ բուժումն արդեն իրատեսական չէ, մարդկանց կյանքի որակը հնարավորինս բարելավելն է, նախ և առաջ կյանքի այդ շրջանն անցավ դարձնելը։ Հայաստանում պալիատիվ խնամք իրականացնելու ամենամեծ խոչընդոտը ցավազրկող դեղերի հասանլիությունն է, իսկ ոլորտըւ կարգավորելու ուղղությամբ ընդամենն առաջին քայլերն են արվում։

2009-ից պալիատիվ օգնությունը Հայաստանում   ընդգրկվել է բժշկական ծառայությունների ցանկում որպես բուժօգնության առանձին տեսակ: Արդեն մշակված հայցակարգ կա, իսկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենսդրական այն փաթեթը, որը, ըստ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի,  փորձելու է լուծել  ցավազրկող դեղերի հասանելիության հարցը։ « Հստակ խաղի կանոններ են սահմանվելու, որի արդյունքում առաջին հերթին բժշկական անձնակազմը կիմանա, թե որ դեպքում և ինչպես նշանակել ցավազրկող միջոցները։ Երկրորդ նպատակը բժշկական անձնակազմի պաշտպանված լինելու հարցն է, քանի որ շատերը խուսափում են նշանակել այդ միջոցները, քանի որ դրանք թմարմիջոցներ և հոգեմետ դեղեր են համարվում և դրանց նկատմամբ հսկողությունը բավական խիստ է»։

Այսօր գործող կարգի համաձայն՝ հոգեմետ դեղամիջոցներ կարիք ունեցող հիվանդներին տրվում են համապատասխան հանձնաժողովների քննարկման և որոշման արդյունքում: Այժմ փորձ է արվում օրենսդրորեն ամրագրել այն հիմքերն ու չափանիշները, թե որ դեպքում ինչ քանակով ինչ թմրամիջոցներ  նշանակել:   Պարզեցվում է այս դեղամիջոցների տրամադրման կարգը: Սրան զուգահեռ օրենսդրական կարգավորումները պետք է փորձեն նաև բացառել թմամիջոցների արտահոսքը բժշկական ոլորտից դեպի ապօրինի շրջանառություն: Սովորաբար՝ հենց այդ արտահոսքի վտանգն է բժիշկներին խիստ  զգուշավոր դարձնում թմրամիջոցեր տրամադրելու հարցում, մինչդեռ, ըստ վերլուծությունների, բժշկական նպատակների համար նախատեսված թմրամիջոցների միայն 0.4 տոկոսն է գնում շրջանառության ապրօրինի դաշտ»։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ թերապիայի բաժնի վարիչ Հրանտ Կարապետյանի խոսքով՝ ցավազրկողների հասանելիությունը բարձրացնելու 3 նախապայման կա՝ առաջինն օրենսդրական ու իրավական կարգավորումներն են, կարևոր է  նաև բուժաշխատողների ուսուցումն ու վերապատրաստումն այս դաշտում, և իհարկե, թմրամիջոց հանդիսացող այդ դեղամիջոցների առկայությունը: Ըստ մասնագետի՝ սակայն, կա նաև մեկ այլ խնդիր։ «Բժիշկները, ուռուցքաբանները պրեսինգի   են ենթարկվում իրենց ղեկավարների կողմից ՝ հնարվորինս քիչ նշանակել այդ դեղամիջոցները: Թերևս այդ ղեկավարներին էլ կրթելու կարիք կա, որպեսզի նրանք էլ հասկանան, որ նման մոտեցումը որևէ մեկին օգուտ չի տալիս»։

Թե ինչու են բժիշկները հակված հնարավորինս քիչ նշանակել հոգեմետ դեղամիջոցներ, քննարկման այսօրվա բանախոսները խորհրդային ժամանակներից եկող ավանդույթով ու զգուշավորությամբ բացատրեցին. դրանց հետ միշտ կապվել է ոչ օրինական շրջանառության վտանգը։ Քննարկման մասնակիցներն այսօր արձանագրեցին,  որ պալիատիվ բուժօգնության առումով խնդիրներն այսօր շատ են, խոստացան սակայն, որ հաջորդ տարի այս օրը  արձանագրելու են, որ  ցավազրկողների  հասանելիության հետ կապված խոչընդոտները վերացած են, ֆինանսական հիմքն ապահովված է, իսկ պալիատիվ մասնագետների ու կենտրոնների քանակը ավելին է, քան՝ այսօր»։

Կարդացեք նաև
Close
Back to top button