Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվեց քիմիական զենքի արգելման կազմակերպությանը


Ստոկհոլմում այսօր հայտարարել են Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը։ Այս տարի աշխարհի ամենահեղինակավոր մրցանակը շնորհվել է ոչ թե մեկ անձի, այլ կազմակերպության: Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն է, որն այս օրերին զբաղված է Սիրիայում քիմիական զենքի պաշարների ոչնչացմամբ:
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը ստեղծվել է 1997 թվականին՝ աշխարհում քիմիական զենքի տարածումը վերահսկելու և կանխարգելելու նպատակով: Կազմակերպության անդամ է 190 երկիր: Օսլոյում կայացած մամուլի ասուլիսում Նոբելյան կոմիտեի նախագահ Տուրբյորն Յագլանդը հայտարարել է, որ մրցանակը Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը տրվում է այն լայնածավալ աշխատանքի համար, որը կատարվել է քիմիական զենքի չեզոքացման նպատակով:
Նոբելյան կոմիտեն ընտրությունը կատարել է 259 թեկնածուներից: Թիվը ռեկորդային է մրցանակի գոյության 112-ամյա պատմության ընթացքում: Թեկնածուների ցանկում են եղել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, «Վիքիլիքս» կայքին ամերիկյան հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր փոխանցած եւ այժմ բանտում գտնվող Բրեդլի Մեննինգը, պակիստանցի 16-ամյաՄալալա Յուսուֆզայը, ով պայքարում է կանանց իրավունքների համար:
Նոբելյան կոմիտեից պարզաբանել են, որ Յուսուֆզային մրցանակ չի տրվել նրա երիտասարդ տարիքի համար և այն մտավախությունից ելնելով, որ թալիբներն էլ ավելի կկենտրոնանան վերջինիս անձի վրա: Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահին, ապա Պուտինի թեկնածության առաջադրումը հասարակական նախաձեռնություն էր: Ավելի վաղ՝ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ նախագահը կողմնակիցը չէ ամեն տեսակի մրցանակներ ստանալուն, նա կողմնակիցն է սեփական աշխատանքի արդյունքներից բավարարվելուն: