Հասարակություն

Ներկայացվեց «Երեւան բրենդի» կոնցեպցիան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մշակվում է «Երեւան բրենդի» նախագիծը: Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այսօր մասնակցել է  «Երեւանի բրենդի» կոնցեպտի եւ վիզուալ հիմքերի շնորհանդես-ասուլիսին: Հայաստանցի եւ արտասահմանցի մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբն այսօր ներկայացրել է բազմաթիվ հետազոտությունների հիման վրա  կատարած աշխատանքների արդյունքները։

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/10/111013brend.mp3

Ծրագիրը միտված է աշխարհում Երեւանը հավաք խորհրդանիշով ճանաչելի դարձնելուն։ Աշխատանքային խումբն արդեն բազմաթիվ կարծիքներից դուրս է բերել եւ մշակել Երեւանի տարածքային բրենդի, ինչպես նաեւ Երեւան քաղաքի վիզուալ ոճի միասնական  կոնցեպտները, որոնք հիմք են ծառայելու քաղաքի ձեւավորման հետագա քայլերի համար։ Շուրջ վեց ամսվա աշխատանքի արդյունքում արդեն հստակեցվել են մոտեցումները, մշակվել բրենդի տառատեսակը։

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի խոսքով` նախագիծը բացառիկ է, քանի որ դրան մասնակցում են նաեւ երեւանցիներն ու ոչ միայն։ «Կարող ենք ամփոփել` վստահաբար ասել, որ գաղափարական իմաստն արդեն հստակ է։ Իհարկե, կա դեռ շատ աշխատանք՝ ամբողջացնելու արդյունքը։ Բազմաթիվ մարդիկ են մասնակցում պրոցեսին, մասնագետներից բացի՝ հետաքրքրված են նաեւ պարզապես քաղաքացիներ։ Սոցցանցերում եւս քննարկվում է, բազմազան կարծիքներ ենք լսում, ինչը շատ արդյունավետ է։ Կարծում եմ՝ կստանանք այն, ինչը հոգեհարազատ կլինի, համոզիչ կլինի մեծամասնության համար»։

Աշխատանքային խմբի մասնակից բրիտանացի փորձագետ Ալեքսանդր Գրանդն ասաց, որ նախնական արդյունքը մշակվել է 125 կարծիքի հիման վրա, կատարվել է լուրջ ու հետեւողական աշխատանք։ «Երեւանն իսկապես  հին քաղաք է, եւ ինչպես բոլորս գիտենք, ավելի հին, քան Հռոմը, սակայն, ամենակարեւորը ոչ թե հնությունն է եւ պատմությունը, այլ` հարատեւությունը։ Այն, որ այստեղ է ծնվել  կյանքը, այստեղ է ծնվել քաղաքակրթությունը, այստեղ ամեն ինչ արվում է խորությամբ եւ հենց դա էլ բնորոշում է Երեւանի էությունը»,- ասաց բրիտանացի փորձագետը։

Ակնկալվում է, որ առաջիկայում Երեւանի վիզուալացված տարբերակն արդեն իսկ պատրաստ կլինի: «Երեւան բրենդ» ծրագրի հաջորդ նախագիծը աշխատանքային խումբը նախատեսել է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button