

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանն այսօր խոսել է Սիրիայում տիրող իրավիճակի ու սիրիահայերի խնդիրների մասին: Առավել լարված է իրավիճակը հատկապես Հալեպում, որտեղ մեծաթիվ հայկական համայնք ունենք: Որքանով էր ճիշտ հայերին պատանդի կարգավիճակում թողնել Հաելպում. հարցին Շահան Գանդահարյանը պատասխանել է, որ իրավիճակը հանդարտվելուց հետո նրանք արագ կվերականգնվեն: Սիրիայի պատերազմական վիճակն առաջին հերթին զգում են Լիբանանում և լիբանանահայ մբագիրը կոչ է արել առանց ճշտելու տեղեկությունը չհրապարակել։
Սիրիայից Լիբանան է տեղափոխվել մոտավորապես 7-ից 8 հազար սիրիահայ, սակայն հիմա, երբ Հալեպում մարդիկ պատանդի կարգավիճակում են հայտնվել, դժվար է սիրիահայերին դուրս գալ երկրից։ Հալեպ տանող ճանապարհից մարդկանց թեև առևանգում կամ սպանում են, սակայն կան ճանապարհներ, որոնց միջոցով հաջողվում է սնունդ ու մարդասիրական այլ օգնություն տեղ հասցնել Հալեպի բնակիչներին, լրագրողներին պատմեց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը։
Ճի՞շտ էր արդյոք պատերազմական այդ վիճակում խոսել Սիրիայում հայ համայնք ունենալու անհրաժեշտության մասին, ինչն անում էին շատ պաշտոնյաներ հարցերեցինք։ «Լիբանանն էլ է նման պատերազմական վիճակում եղել ու փորձը հաշվի առնելով կարող եմ ասել, որ հայ համայնքն արագ կվերականգնվի»,- ասաց Գանդահարյանը։
Նա առավել զգույշ և ուշադիր լինելու կոչ արեց լրատվամիջոցներին` որևէ տեղեկատվություն հրապարակելու հարցում, քանի որ բացի ռազմական գործողություններից նաև տեղեկատվական պատերազմ է ընթանում և ապատեղեկատվություն է տարածվում երկու կողմից էլ: Շատ դժվար է հասկանալ, թե իրականում որ տեղեկությունն է ճիշտ, ասաց Շահան Գանդահարյանը:
«Ազդակ» թերթի համար տեղեկատվություն ապահովում է Դամասկոսում աշխատող իրենց թղթակիցը, ում ոչ միշտ է հաջողվում կապ հաստատել Հալեպի հետ ու տեղեկություն ճշտել: Պետք է բացառել copy paste-ի տարբերակը։ Ի տարբերություն Հալեպի՝ ծովեզերյան Սիրիայում վիճակն առավել հանգիստ է, այն բնակեցված է հիմնականում ալավիներով։
Լարված է իրավիճակը նաև Լիբանանում, ընդհարումներ են լինում, սակայն լայնածաված բախումների չեն վերածվում դրանք: Շահան Գանդահարյանը կարծում է, որ վիճակը Լիբանանում առավել չի սրվի։ Սիրիական հարցում միջամտության փորձեր է անում Անկարան, սակայն Թուրքիայի գործողությունները արաբական որոշ երկրների համար անընդունելի են, նկատեց խմբագիրը։
«Անկարան զգալով, որ իր շահերը վտանգված են Լիբանանում, որոշեց հեռացնել ուժերը Հարավայն Լիբանանից։ Մենք սա դիտարկելու ենք այն որոշումով, որ Երեւանը բանակցություններ է վարում ՄԱԿ- ի խաղաղապահ ուժերի հրամանատարությունն ստանձնած Իտալիայի հետ, որպեսզի հայկական զորախումբ տեղակայվի Հարավային Լիբանանում»։ Սա նշանակում է թուրքական գործոնի նահանջ ու ակտիվության դրևորում Երևանի կողմից, նկատեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։
Իսկ ինչ զարգացումներ են սպասվում սիրիական խնդրում: Հարցին «Ազդակի» գլխավոր խմբագիրը դժվարացավ պատասխանել. Քիմիական զենքի ոչնչացման հարցը որոշակի դադարի վիճակ է առաջացրել, «Սեղանի վրա է տարածաշրջանի բաժանման հարցը»։
Լիբանանում լույս տեսնող Ազդակ թերթի գլխավոր խմբագրի կարծիքով՝ բավականին երկար ժամանակ կպահանջվի հարաբերական խաղաղություն հաստատելու համար։