Քաղաքական

Գերմանիայի քաղաքական ուժերին չի հետաքրքրում ցեղասպանության դատապարտման խնդիրը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

«2005 թվականին  գերմանական Բունդեսթագի կողմից Մեծ եղեռնի վերաբերյալ  ընդունված բանաձևը չի գոհացնում ցեղասպանության ճանաչման աշխատանքային խմբին, քանի որ չի դատապարտում նախորդ դարասկզբին սերիական ցեղասպան Թուրքիայի ոճիրը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խմբի կազմակերպության վարչության անդամ Ժիրայր Քոչարյանը։

«Հայերի՝ 1915թ. հալածանքների եւ կոտորածների վերհիշում: Գերմանիան պարտավոր է նպաստել թուրքերի եւ հայերի միջեւ հաշտության հաստատմանը» վերնագրով այդ բանաձեւը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և միայն ափսոսանք է արտայտվում  կատարվածի կապակցությամբ, որին մաս է կազմել և Կայսերական Գերմանիան:

Փաստաթղթի հիմնական շեշտը հայերի և թուրքերի հաշտեցումն է: Ըստ Ժիրայր Քոչարյանի՝ այս բանաձևի վերանայման խնդրով  Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խումբը սեպտեմբերին Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրությունների նախօրեին դիմել էր երկրի հիմնական քաղաքական ուժերին, սակայն բոլորից հետևեց ժխտողական պատասխան։

Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խմբի ներկայացուցիչը խոստովանեց, որ հայկական լոբբին Գերմանիայում բավական թույլ է և ի զորու չէ նպաստել հայանպաստ որոշումների ընդունմանը, թեպետ որոշակի քայլեր ձեռնարկվում են Մեծ եղեռնի և Արցախի խնդրի շուրջ անհրաժեշտ հասարակական կարծիք ձևավորելու շուրջ: Ի դեպ՝  Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խումբը բավականին բազմազգ է: Այն գլխավորում է հայտնի հայագետ և սոցիոլոգ Տեսսա Հոֆմանը, ով հանդես է գալիս հայերի, ասորիների և հույների ցաղասպանության ճանաչման օգտին։

Ցուցադրել ավելի
Back to top button