Մշակույթ

Արփա միջազգային կինոփառատոնի հիմնական նպատակը՝ հանդուրժողականության քարոզն է

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»

Լոս Անջելեսում կայացել է Արփա ամենամյա միջազգային կինոփառատոնը: Այն կազմակերպվում է 16-րդ անգամ: Ամեն տարի փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացնում տասնյակ երկրներից կինոգործիչներ, այդ թվում` Հայաստանից: Հատկանշական է, որ տարեցտարի ավելանում է հայկական Արփա գետի անունը կրող փառատոնի հայ մասնակիցների թիվը: Նրանցից շատերի համար կինոփառատոնը դարձել է ամերիկյան կինոաշխարհ մուտք գործելու դժվար ճանապարհի առաջին քայլը։

Արփա միջազգային կինոփառատոնն այս տարի ներկայացրեց 60 ֆիլմ`կարճամետրաժ, լիամետրաժ, անիմացիա, փաստագրություն, երաժշտական ֆիլմ ժանրերում: Դրանք ուղարկվել էին երեսուն երկրից: Հեղինակների մի մասը` հիմնականում երիտասարդներ, ներկա էր փառատոնին: Նրանց համար հոլիվուդյան կինոթառատոնը լավ հարթակ է` առաջին լուրջ քայլերն անելու և հոլիվուդյան կինոաշխարհ մտնելու հավակնություններն իրացնելու համար, ասում է փառատոնի հիմնադիր Սիլվիա Միասյանը։

Միջազգային ֆիլմերի յուրօրինակ ֆորումը կազմակերպվում է արդեն 16-րդ անգամ: Մասնակցում են հոլիվուդյան հայտնի անուններ, կինոաշխարհում եղանակ ստեղծող մասնագետներ, ում հետ ծանոթանալու հնարավորությունը հետագա հաջողությունների հիմք է դարձել շատ սկսնակների համար: Սիլվիա Մինասյանը ուրախությամբ է նշում, որ տարեցտարի ավելանում է հայ մասնակիցների թիվը: Բայց նա ցավով փաստեց, որ համայնքն առայժմ հարկ եղածի չափ չի սատարում հայ մասնակիցներին, ինչի մասին, ըստ նրա, վկայում է ֆիլմերի ցուցադրության ժամանակ դահլիճի դատարկությունը։

Կինոփառատոնի հիմնադիրները նշում են, որ Արփայի առաքելությունը մշակութային փոխըմբռնման միջոցով գլոբալ հանդուժողականություն քարոզելն է, ուստի ընտրում են ֆիլմեր, որոնց կիզակետում աշխարհին հուզող հարցերն են, հրատապ թեմաները` բայց առանց քաղաքականության: Այս տարի, սակայն, Արփային չհաջողվեց զերծ մնալ քաղաքական ենթատեքստից: Փառատոնի եզրափակիչ օրը Եգիպտական թատրոնի մոտ բողոքի ակցիա էր: Մասնակիցները դժգոհ էին, որ հատուկ մրցանակի է արժանացել Սիրիայի դեպքերի մասին պատմող` Մեթյու Վան Դայքի փաստագրական ֆիլմը, որում լավ լույսի տակ են ներկայացված ապստամբների գործողությունները։

Արփայի հատուկ մրցանակին արժանացան նաև հայազգի երիտասարդ կինոգործիչ Սև Օհանյանը և 60-70-ականների ամերիկյան հայազգի կինոաստղ, 80 ֆիլմերից հայտնի  Սիդ Հեյգը: «Հրաշալի է լինել այս աներևակայելի էներգիայով լի մարդկանց կողքին. դա ինձ նոր կյանք է տալիս: Այս կինոփառատոնի մթնոլորտը ստիպում է հիշել ու պատմել այն պատմությունը, որը պետք է պատմվի` ցեղասպանության 1.5 մլն զոհերի պատմությունը։ Մի օր ես դա պատմելու եմ ի լուր աշխարհի` հանուն իմ ընտանիքի, իմ պապի, ով կրում էր հայկական ոգին»,-ասաց Սիդ Հեյգը:

Ցուցադրել ավելի
Back to top button