ԿարևորՔաղաքական

Ռաչինսկի. Հայաստանը թեքվել է դեպի Ռուսաստան, սակայն դեռ քայլ չի արել

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

«Եվրամիությունը ավելի բարձր հարաբերությունների մակարդակ առաջարկեց Հայաստանին՝ Արևելյան գործընկերության ծրագրով, սակայն սեպտեմբերի 3-ին կայացրած որոշումը, ԵՄ- ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետ պահեց Հայաստանին»,- Մամուլի ազգային ակումբում այսօր հայտարարեց Հայաստանում Լեհաստանի արատակրգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։ 

Այն, ինչ առաջարկվում էր Հայաստանին ասոցացման համաձայնագրով, այլևս հնարավոր չէ սեպտեմբերի 3-ից հետո և այժմ պետք է համագործակցության նոր հարթակ գտնել, ասաց լեհ դիվանագետը։ Դեսպանի կարծիքով՝ Հայաստանի ՄՄ միանալու որոշումը նախապես մտածված, մշակված  ու հաշվարկված է եղել, սակայն դժվար է ասել, թե ինչ կստանա Հայաստանը ՄՄ միանալու որոշմամբ: Զդիսլավ Ռաչինսկին փոխարենը հստակ նշեց, որ Հայաստանը ԽՀԱԱԳ-ի ստեղծման պայմաններում բավականին կշահեր։ «150 մլն եվրո ամեն տարի եկամուտ կունենար Հայաստանը: Հիմա սպասենք ու տեսնենք, թե որքանով կավելանա Հայաստանի ՀՆԱ- ն ՄՄ- ին միանալուց հետո»։

ԵՄ հետ ասոցացված երկրներ են նաև Հյուսիսային Աֆրիկայի պետությունները, օրինակ՝ Թունիսի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրվել է 1995 թվականին, սակայն որակապես այդ երկրում իրավիճակ չի փոխվել։ Հայաստանին առաջարկվող ասոցացումն այդ ձևի մեջ չէր, Հայաստանին առաջարկվում էր գործընկերություն, խոսքը եվրոպական չափանիշների համապատասխանելու մասին էր, նկատեց դեսպան Ռաչինսկին։

Այդուհանդերձ՝ Լեհաստանը, որը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնող երկիր է, նեղացած չէ Հայաստանից, հստակեցրեց դեսպան Ռաչինսկին՝ պարզաբանելով նաև, որ Լեհաստանը մնալու է որպես ԵՄ- ում Հայաստանի փաստաբանը։

Ցուցադրել ավելի
Back to top button