Հասարակություն

Մեկնարկել են Ռուսաստանի հայերի միության օրերը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում և Արցախում լավ առիթ են զույգ կառույցների  աշխատանքների տարեկան ամփոփման համար: Այս կազմակերպությունները բազում հայապահպան և հայանպաստ ծրագրեր են իրականացնում ինչպես Սփյուռքում, այնպես էլ հայրենիքում։  Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց երեկ մեկնարկած ծրագրի մանրամասները։

Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը ակտիվորեն համագործակցում է Սփյուռքի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի հետ՝ իրականացնելով տարբեր համատեղ ծրագրեր, նշեց Աբրահամյանը: Բացի դրանից՝ Երևանի քաղապետարանի հետ նախատեսվում է իրականացնել «Մաքուր Երևան» ծագիրը: Մշակվում են նոր ռազմավարական մոտեցումներ երիտասարդության շրջանում իրականացվող միջոցառումների մասով: Հաջորդ երկու տարիների ընթացքում ստեղծագործական միավորումների հետ իրականացվող ծրագրերը նվիրված կլինեն Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին։

Անդրադառնալով Նոր Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով կալանավորված ինքնաթափի վարորդ Հրաչյա Հարությունյանի ճակատագրին, Արա Աբրահամյանը հայտնեց, որ վարձվել են Ռուսաստանի լավագույն փաստաբաններին։ Փոխհատուցումներ են վճարվել բոլոր տուժածների ընտանիքներին, ակտիվ միջոցառումներ են իրականացվել հայատյացության ի հայտ եկած միտումները կանխելու համար։

Օգնություն է ցուցաբերվում ինչպես Հրաչյա Հարությունյանին, այնպես էլ նրա ընտանիքի անդամներին: Քայլեր են ձեռնարկվում գործի քննիչին փոխելու ուղղությամբ, քանի որ քննությունը օբյեկտիվ չի վարվում, հայտնեց Արա Աբրահամյանը: Ըստ նրա՝ գործի քննությունը մտահոգիչ է: Պարզվել է, մասնավորապես, որ ինքնաթափի արգելակները սարքին են եղել։

Որպես գործարար Արա Աբրահամյանը նշեց, որ պատրաստ է նոր ներդրումներ կատարել Հայաստանում: Լիբիական պատերազմի պատճառով ի հայտ եկած ֆինանսական դժվարությունները կարծես թե հաղթհարվում են, հայտնեց նա։ Վերսկսվել է Հյուսիսային պողոտայի մոտ՝ նախկին Կենտրոնական հանրախանութի շենքի կառուցապատման ծրագիրը՝ 165 հազ քառ մետր տարածքով։

Back to top button