Հասարակություն

Ճարտարագիտականում թեժ մթնոլորտ՝ ձմռան շեմին՝ ռեկտորի հրաժարականի պահանջով

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ճարտարագիտության համալսարանի դասախոոսները ընդվզում և բողոքում են համալսարանի ռեկտորի դեմ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը: Դժգոհությունը պայմանավորված է դասախոսների և աշխատավարձերի կրճատմամբ:Վարձավճարների թանկացումը իրենց աշխատավարձերի վրա չի ազդել, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են բուհի դասախոսներ Էդիկ Մանուկյանն ու Ազատ Միրզոյանը: Ավելի ուշ  համալսարանում անցկացվել է  արհմիութենական կազմակերպության ընդհանուր ժողովը, որին մասնակցել են բուհի դասախոսները, ռեկտորն ու ճարտարագիտական համալսարանի խորհրդի նախագահ, ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանը։

Պոլիտեխնիկում այսօր իշխում է ստալինյան ռեժիմ, վախի մթնոլորտ և իսկական քաոս, հայտարարում են բուհի դասախոսները: Համբերության վերջին կաթիլը լցվեց սեպտեմբրին, երբ  բուհի դասախոսների աշխատավարձերի կրճատմանը հաջորդեց դասախոսների կրճատումը: Այս ամենը բողոքի մեծ ալիք է բարձրացրել և շուրջ 200 դասախոսներ ու դոցենտներ ստորագրահավաք են կազմակերպել` պահանջելով աշխատավարձերի վերանայում, աշխատակիցների վերականգնում, բուհի ռեկտոր Արա Ավետիսյանի հրաժարական:

Համալսարանի դասախոս Էդիկ Մանուկյանի տեղեկացմամբ՝ բուհում իրարանցումը սկսվել է Արա Ավետիսյանի` ռեկտոր նշանակվելու առաջին իսկ օրվանից։ Թե ինչու են իրենց խնդիրը հանում  համալսարանից պատերից դուրս՝ չփորձելով լուծումներ գտնել նախևառաջ ներսում, Էդիկ Մանուկյանը լրագրողներին ասաց, որ ռեկտորն ինքն իր փոփոխական որոշումներով է ստիպել դիմել նման քայլի։

Արդեն բուհի արհմիութենական կազմակերպության ընդհանուր ժողովում ռեկտոր Արա Ավետիսյանը տեղի ունեցողը գնահատեց որպես դեմոկրատական քայլ, միաժամանակ նշելով, որ այն, ինչ ներկայացվում է չափազանցված է և այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Ինչ վերաբերում է վախի մթնոլորտին, ռեկտորը պարզաբանեց, որ ինքը միշտ հասանելի է աշխատակիցների եւ ուսանողների համար: Այլ խնդիր է, որ նա փորձել է բուհում կարգ ու կանոն հաստատել: Անդրադառնալով կրճատումներին՝ Արա Ավետիսյանը հայտնեց, որ ինքն անձամբ մի քանիսին է կրճատել, մնացած աշխատակիցների աշխատնքային պայմանագրերի ժամկետն ավարտվել է։

Ռեկտորի ելույթի ողջ ժամանակահատվածում դահլիճում հնչում էին դժգոհության ռեպլիկներ: Ելույթին հաջորդեց հարց ու պատասխանը և բուհի դասախոս Էդիկ Մանուկյանը, ով ուշադիր հետևում էր ելույթին, հետաքրքրվեց, թե որքանով ներկայացված թվերը «կշտացրեցին ներկաների փորը»:

Մի քանի հարցերից հետո որոշվեց այլևս հարց չտալ ռեկտորին, քանի որ նրանից հստակ պատասխան չէին ստանում։ Անիմաստ համարելով հարց ու պատասխանը՝ բուհի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանն իր ելույթի ժամանակ չբացառեց, որ համալսարանն ունի որոշակի ֆինանսական խնդիրներ, որոնք ղեկավարությունը փորձում է լուծել աշխատակիցների աշխատավարձերը կրճատելու միջոցով։

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները ճարտարագիտական համալսարանում, այժմ դժվար է ասել, սակայն մթնոլորտը բավականին թեժ է՝ բնականոն աշխատանքի վերադառնալու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button