Հոգեկան հիվանդությունները երիտասարդացման միտում ունեն


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հոգեկան հիվանդությունների թվի կտրոււկ աճի միտումներ աշխարհում, բարեբախտաբար, չեն նկատվում, սակայն հիվանդությունների երիտասարդացման միտում կա, աճում է նաև սթրեսածին հիվանդությունների թիվը, այս ցանկում առաջինը դեպրեսիան է, դրան հաջորդում են տարատեսակ նևրոզները։ ԱՀԿ տվյալներով՝ հոգեկան հիվանդությամբ աշխարհում տառապում է ավելի քան 450 միլիոն մարդ, Հայաստանում գրանցված հիվանդների թիվը 45 հազար է:
Հանրապետության գլխավոր հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանը գերադասում է շրջանցել վիճակագրությունն ու անդրադառնալ հոգեկան հիվանդություններով տառապող մարդկանց նկատմամբ մեզանում առկա հասարակական վերաբերմունքին։ «Ծանր վիճակում գտնվող հոգեկան հիվանդների հանդեպ մեզանում վերաբերմունքի երկու ծայրահեղ դրսևորումներ կան՝ վախ և ծաղր։ Մեր հասարակությունն այս առումով կարեկցանքի ու գթասրտության պակաս ունի»,- արձանագրում է մասնագետը։
Մեր օրերում փոփոխությունները տեղի են ունենում չափազանց արագ, շատերը հաճախ չեն կարողանում հարմարվել կյանքի ռիթմին, ինչն էլ հոգեկան տարաբնույթ խնդիրների պատճառ է դառնում: Այդ խնդիրներին նպաստող գործոնների թվում հոգեբանները կաևորում են նաև ԶԼՄ-ների դերը: «Դա իսկապես մեծ իշխանություն է, որը պետք է խելամիտ կերպով օգտագործել»,- ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը։