Հեռուստամարաթոն 2013- ը միջոցները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը


«Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնի դրամահավաքում հավաքագրված միջոցները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը: Սա կլինի հիմնադրամի գործունեության ընթացքում համահայկական ջանքերով կառուցված երրորդ խոշոր 116 կմ- անոց ավտոճանապարհը։
Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն իսկ անհրաժեշտություն դարձած այլըտրանքային ճանապարհ է, որն ուղիղ կապ է հաստատում Հայաստանի եւ Արցախի հյուսիսային շրջանների միջեւ՝ զգալիորրեն կրճատելով այն տարածությունը, որն այսօր անցնում են Գորիս-Ստեփանակերտ մայրուղով: Ճանապարհի գործարկումը կաշխուժացնի միջհամայնքային կապը, ինչպես նաեւ նոր խթան կհանդիսանա հարակից համայնքների բնակչության կյանքի պայմանների բարելավման համար։
Ճանապարհի բարեկարգումը ենթադրում է ոչ միայն ասֆալտապատում, այլեւ ճանապարհաշինության մի շարք չափորոշիչների ապահովում` ներառյալ ճանապարհի ջրահեռացման, ձյունապաշտպան միջոցների, արգելափակոցների ապահովում: Տեղ-տեղ առաջացած սողանքային երեւույթների եւ հնարավոր հետեւանքների կանխարգելումը եւս խիստ կարեւոր է ճանապարհի անվտանգ շահագործումն իրականացնելու համար, ինչի նպատակով ճանապարհի որոշ հատվածներում կկառուցվեն հենապատեր, ափապաշտպան կառույցներ, կկատարվեն քարաթափման աշխատանքներ:
Կառուցման աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կնշագծվի եւ կկահավորվի համապատասխան նշաներով: Կառուցվող ճանապարհի վրա անհրաժեշտ կլինի վերանորոգել 16 կամուրջ։ Ճանապարհի կառուցումն ու մշտական ավտոհաղորդակցությունն իր ուղղակի ազդեցությունը կունենա ճանապարհից մինչեւ երկու տասնյակ կիլոմետր հեռավորության վրա տարածվող համայնքների բնակիչների սոցիալ- տնտեսական կյանքի վրա։