Հանգանակություն է կազմակերպվում արբանյակային հանրային հեռուստատեսություն ստեղծելու համար


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հայաստանի հեռուստաարդյունաբերության պատմության վերջին 15-18 տարվա փորձառություն ունեցող մարդկանց ու մասնագետների մտահաղացումների, «Ա1+» հեռուստաընկերության ժողովրդական հեռուստատեսության գաղափարի և «Արբանյակային հեռուստաընկերության» բովանդակությամբ հեռուստաարտադրության կարիքի մասին մի քանի տասնյակ մասնագետների արտահայտած մտահոգությունների հիման վրա ծնվել է էությամբ և բնույթով հարնային, շահույթ չհետապնդող, քաղաքական որևէ ուժից և իշխանությունից անկախ հեռուստաընկերություն ստեղծելու գաղափարը։
Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով` շատ է քննադատվում այսօրվա հեռուստաեթերը, և այն պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինի հեռուստաընկերությունը, այսօր փորձում են գործնականի վերածել։ «Այդ հանրային հեռուստաընկերության հիմնադրմամբ և նրա գործունեությամբ ուզում ենք ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի իսկական հանրային հեռուստաընկերությունը: Միշտ քննադատությունից հետո պետք է կառուցողական գործ լինի։ Ես կարծում եմ այս քայլը հենց կոնստրուկտիվ պատասխանը կլինի, թե ինչպիսին պետք է լինի հանրային հեռուստաընկերությունը»,- ասում է նա։
Նման գործընթացներ սկսելու սկիզբը միշտ է բարդ, խոստովանում է Մելիքյանը, սակայն հույս հայտնում, որ հասարակության մեջ այսօրինակ հեռուստաընկերություն ստեղծելու պահանջ կա։ «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը նշեց, որ այս հեռուստաընկերությունը պետք է դառնա Հայաստանի և Սփյուռքի հանրությանը բազմակողմանի, հրատապ, ճշմարիտ տեղեկություններ հասցնելու, ներքին և արտաքին խնդիրների, մասնագիտական բանավեճերի և վերլուծությունների կայուն և ազատ լրատվական և մշակութային հարթակ։
Մեսրոպյանի խոսքով` սրընթաց զարգացող համացանցային մեդիան և սոցիալական ցանցերը չեն կարող փոխարինել իսկական արբանյակային հեռուստատեսությանը: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ավելացրեց, որ այսօր մեր հասարակությունը տեղեկատվության աղբյուր չունի: Այսօր մենք ունենք 70- ականների հեռուստատեսություն, ասում է նա։
Նախատեսվում է լայնածավալ դրամահավաք- հանգանակություն իրականացնել Հայաստանում, Սփյուռքում ինչպես անհատ քաղաքացիներից, այնպես էլ կազմակերպություններից, տնտեսվարողներից, հետագայում հնարավոր է նաև բաժանորդագրման համակարգի ներդրում: Հայաստանի, Եվրոպայի, Ռուսաստանի և Հյուսիսային Ամերիկայի տարածքում արբանյակային շուրջօրյա հեռարձակում իրականացնող և համացանցում հեռարձակվող հեռուստաընկերություն հիմնելու համար մոտավոր հաշվարկներով մեկնարկային ներդրումների և մեկ տարվա աշխատանքի համար հարկավոր է ունենալ 850 հազարից 1 մլն 200 հազար ամերիկյան դոլար: Գումարի մեծությունից կախված է հաղորդումների ծավալը և բազմազանությունը։