ԿարևորՔաղաքական

Զարուհի Փոստանջյանն ավելի սուր հարց էլ է տվել. Դավիթ Հարությունյանը գնահատում է ԵԽԽՎ նստաշրջանը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այսօր անդրադարձել է  նստաշրջանից հետո դեռ  քննարկվող թեմային ՝ Ստրաբուրգում  Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցին և հայաստանյան պատվիրակության կազմը փոխելու ԱԺ նախագահի նախաձեռնությանը: Հարությունյանը կրկնել  է, որ պատվիարկության կազմը ձևավորելու իրավասությունը, ըստ ԱԺ կանոնակարգի, Հովիկ Աբրահամյանինն է: Թե ինչ սկզբուքնով  է մտադիր   փոփոխություն կատարել ԱԺ նախագահը, դեռ պարզ չէ, բայց փոփոխությունները չեն կարող հակասել այն պահանջներին, որ առաջադրում է ԵԽԽՎ-ն: Սկզբունքերից հիմնականը, ըստ Դավիթ Հարությունյանի, պատվիրակության կազմի հավասարակշվածությունն է ու քաղաքական ուժերի համաչափ ներկայացվածությունը։

 Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը չի հասկանում, թե Ստրասբուրգում հանրապետության նախագահին  ուղղված  Զարուհի Փոստանջյանի հարցն ինչու այս անգամ նման բուռն արձագանք առաջացրեց: «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչը նույնպիսի հնարավորություն ունեցել և այն իրացրել էր  նաև 2011-ին, երբ հանրապետության նախագահը կրկին ելույթ էր ունենում ԵԽԽՎ-ում: Հարությունյանը կարծում է, որ նախորդ անգամ  Փոստանջյանի հարցն էթիկայի տեսանկյունից ավելի կոռեկտ էր, բայց պակաս սուր չէր։ «Փոստնաջյանն իր նախորդ հարցով պահանջեց, որ հանրապետության նախագահը լքի երկիրը:  Դա 2011 թվականին էր»:

Անձամբ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ Փոստանջյանի  հարցն իր բնությով աննախադեպ էր ԵԽԽՎ-ում, թեև այստեղ եղել են  ու կան գործիչներ, որոնք այլ  մարտավարությամբ են փորձում քաղաքական գործունեություն ծավալել կամ «ավելի ընդդիմադիրի» համբավ ձեռք բերել։ «Ես հիշում եմ ժամանակին Ժիրինովսկին էր նմանատիպ հնարքներ օգտագործում ԵԽԽվ-ում, ուրիշ գործիչներ էլ են եղել, բայց դա ամենևին չի նշանակում, որ իմ կամ վեհաժողողովի հիմնական մասի վերաբերմունքը նման սկանդալային  աշխատաոճին դրական է: Իմ վերաբերմունքը բացասական է, ես համարում եմ, որ հարցը պարունակել է նաև վիրավորանք: Բայց դա չէր ամենամեծ հարվածը»։

Հարությունյանը կարծում է, որ ամենամեծ հարվածը ստացավ ընդդիմությունը: ԵԽԽՎ-ում բազմաթիվ քննարկումներ  են նվիրվում հենց այս թեմային՝  ընդդիմության դերի բարձրացմանը, բայց, ըստ հայաստանյան պատվիրակության ղեկավարի ,  ամնեևին այս կեցվածքը չէ, որ  Վեհաժողովը համարում է ողջամիտ կամ  հարիր ժողովրդավարության սկզբունքներին։ Իսկ այն, որ Զարուհի Փոստանջյանին հարց տալու հնարավորություն է տրվել, ավելին՝ այդ  իրավունքը Փոստանջյանին զիջել է ՀՀԿ ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը տարօրինակ չի համարում  և բացատրում   է ժողովրդավարության ընկալման տարբերություններով։ «Իմ և Զարուհի Փոստանջյանի ընկալումները ժողովրդավարության մասին տարբեր են: Ես համարում եմ, որ վարվել եմ ճիշտ»:

Մեկ շաբաթ  շարունակվող քննարկումներում կար նաև հարցադրում, թե վնասե՞ց արդյոք Զարուհի Փոստանջյանի հարցը Սերժ Սարգսյանի և մեր երկրի հեղինակությանը։ Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ ոչինչ չփոխեց, իսկ  նրանք, ովքեր մղվեցին շատ ակտիվ պաշտպանելու հանրապետության նախագահին, ըստ Հարությունյանի, դա արեցին առանց մեկ հանգամանք հաշվի առնելու։ «Հանրապետության նախագահը շատ ավելի ծանր բանակցությունների մասնակցող անձ է, ով շատ ավելի ծանր հարցեր է քննարկել և նման պարզունակ ձևերով, այսպես ասենք, փորձել նրան ծուղակը գցել, պարզապես հնարավոր չէ»։

ԵԽԽՎ կանոնակարգ օրենքը նշում է, որ պատգամավորը չի կարող հետապնդվել իր հայտարարությունների համար. արդյո՞ք Հայասատնն այս առումով կարող է խնդիրներ ունենալ, նկատի ունենալով նաև այն , որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արդեն հայտարարել է, որ մտադիր է  փոփոխություն կատարել ԵԽԽՎ պատվիրակության կազմում: Ըստ Հարությունյանի՝ վեհաժողովի կանոնակարգի այս ամրագրումը որևէ առնչություն չունի ստեղծված իրավիճակի հետ։ «Որևէ մեկին ոչ ոք չի պատրաստվում հետապնդել: Փոստանջյանին ոչ մեկը չի հետապնդում: Խոսքը պատվիրակության ձևավորման մասին է»։

Թե ինչ սկզբունքով է պատրաստվում ԱԺ նախագահը վերանայել  ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմը, Դավիթ Հարությունյանը դեռ տեղյակ չէ:  Կկիրառվի՞ արդյոք Դոնթի բանաձևը, թե՞ ոչ՝ նույնպես պարզ չէ: Հիշեցնեմ, որ այս բանաձևը կապված է խմբակցությունների թվաքանակի հետ և դրա կիրառման արդյունքում հնարավոր է , որ փոքրաթիվ խմբակցություններն ընդհանրապես ներկայացուցիչներ չունենան։

Հարությունյանի համար հստակ էր մի բան, ինչ փոփոխություն էլ կատարվի, այն չի կարող  հակասել  ԵԽԽՎ-ի առաջադրած պահանջներին: Իսկ դրանց մեջ հիմնականը պատվիրակության կազմի հավասարակշռությունն է ու քաղաքական արդարացի ներկայացվածությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button