Միջազգային

«Գարդիանը» կշարունակի հրապարակել Սնոուդենի բացահայտումները

Բրիտանական «Գարդիանի» գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը հայտարարել է, որ պարբերականը շարունակելու է  հրապարակել ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումները: Նա այդպես է արձագանքել Մեծ Բրիտանիայի հակահետախուզության` ՄԻ-5-ի ղեկավար Էնդրյու Պարկերի հայտարարությանը, թե հրապարակումները սպառնալիքի տակ են դնում պետության անվտանգությունը:

Հանդես գալով բանակի միավորված զորամիավորումների Թագավորական ինստիտուտում՝ հակահետախուզության ղեկավարն ասել էր, որ Սնուդենի բացահայտումները ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների էլեկտրոնային հսկողության վերաբերյալ օգնում են ահաբելիչներին: Ըստ Էնդրյու Պարկերի՝ Սնոուդենի նյութերը «տեղեկատու» են նրանց համար:

Նշենք, որ «Գարդիանը» Սնոուդենի բացահայտումները հրապարակում է մայիս ամսից: Դրանցում ասվում է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի էլեկտրոնային հետախուզական  ծառայությունների հսկողության տիրույթում են շատ մեծ ծավալի տվյալներ, որոնք ներառում են հեռախոսազանգերը, էլեկտրոնային փոստը, համացանցային նյութերը: Սնուդենի տվյալներով՝ հսկողության տակ են եղել նույնիսկ պետության ղեկավարները, օրինակ` Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսսեֆը, որը այդ բացահայտումների հրապարակումից հետո հետաձգեց իր այցը ԱՄՆ:

Ցուցադրել ավելի
Back to top button