Տնտեսական

Բացվել են 10 հազար նոր բանկային հաշիվներ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանում իրականացրել է կրթական ծրագիր, որի ընթացքում մասնակիցներին խորհրդատվություն է տրամադրվել անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ: Ծրագիրն իրականացվել է արտասահմանյան երկրներից դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների շրջանում բանկային համակարգի նկատմամբ վստահության բարձրացման, ինչպես նաեւ բանկային հաշիվներ բացելու մշակույթը խթանելու նպատակով: Վերջին մեկ տարվա ընթացքում ծրագրին մասնակցել է ավելի քան 24 հազար մարդ: Ամփոփելով ծրագիրը` կազմակերպիչներն այսօր արձանագրել են, որ արդյունքում ֆիզիկական անձանց կողմից 10 հազար նոր բանկային հաշիվներ են բացվել, բացի այդ` 2012 թ.-ի դեկտեմբեր ամսից մինչեւ 2013 թ.-ի սեպտեմբերը խնայողությունների ծավալն աճել է ավելի քան 4 մլն դոլարով։

Նախաձեռնությանն ակտիվ մասնակցել են Հայաստանի հինգ առեւտրային բանկեր: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչները տեղեկացրին, որ ֆինանսաբանկային համակարգում վերապատրաստված քսան ֆինանսական խորհրդատուներ անհատական ֆինանսական խորհրդատվություն են տրամադրել դրամական փոխանցումներ ստացող հաճախորդներին` օգնելով նրանց ավելի լավ կառավարել անձնական ֆինանսները։

Ծրագրի ղեկավար Սառա Հյուգոյի խոսքով` արդյունքները ցույց են տվել, որ բնակչության 74 տոկոսը դրամական օգնություններ է ստանում Ռուսաստանից: Պարզվել է նաեւ, որ մարդկանց մեծամանությունը ուղղակի կախում ունի դրսից ստացվող այդ ֆինանսական օգնությունից: Ծրագրի արդյունքը նաեւ այն է, որ 10 հազար մարդ բացել է բանկային հաշիվ: Այս ցուցանիշը, ծրագրի ղեկավարի խոսքով, գերազանցել է իրենց ակնկալած արդյունքները, քանի որ այն ավելին է, քան՝ այլ երկրներում:

Արդյունքում` բանկային ինստիտուտներին է փոխանցվել 4 լն դոլարին համարժեք դրամ: Մեծամասնությունը պահվել է դրամով եւ ԱՄՆ դոլարով: Խորհրդակցություններն օգնել են, որ մարդիկ իրենց ստացած գումարները ի պահ տան բանկին: Ծրագրի գլխավոր գործադիր տնօրեն Լեոն Այզեքսի խոսքով` բանկերին վստահելու պատճառն այն է, որ այդտեղ ավելի ապահով է ֆինանսներ պահելը եւ բանկը երաշխիք է տրամադրում` մինչեւ 4 մլն դրամի չափով։

Լեոն Այզեքսն ասաց նաեւ, եր երկրորդ պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ այդ կերպ պարզապես կարողանում են ապահովել իրենց համար վարկային պատմություն` ճանապարհ հարթելով դեպի ֆինանսական մյուս «արդյունքները»: Մարդիկ արդյունքում կարողանում են ճիշտ տնօրինել իրենց ֆինանսական միջոցներն ու ապագայի համար որոշումներ կայացնել, նշեց ՎԶԵԲ ներկայացուցիչը։

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը բարձր գնահատեց ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող նախաձեռնությունը` շեշտելով, որ ծրագիրը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ֆինանսական գրագիտությունը արդյունավետ գործիք է մարդկանց ֆինանսական վարքագիծը փոխելու, նրանց ֆինանսական բարեկեցության մակարդակը բարձրացնելու համար:

ԿԲ ներկայացուցչի կարծիքով` առեւտրային բանկերի համար տվյալ նախաձեռնությունը լավ օրինակ է` ֆինանսական կրթման նմանօրինակ միջոցառումներ կազմակերպելու տեսակետից: Նա տեղեկացրեց, որ ԿԲ-ն մշակել է եւ շուտով կառավարության հաստատմանը կներկայացնի ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը։ ՎԶԵԲ Երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիդսն էլ իր հերթին շեշտեց, որ անձնական ֆինանսների կառավարման բնագավառում քաղաքացիների գիտելիքների զարգացումից շահում է եւ անհատը, եւ երկրի տնտեսությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button