ԿարևորՔաղաքական

Արարատի նորանշանակ մարզպետը կապրի աշխատավարձով

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Վերջին օրերին մամուլում ակտիվորեն քննարկվում էր Արարատի արդեն նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի  պաշտոնանկության հարցը: Մինչև երեկ իր նոր պաշտոնի մասին լուրերը հերքում էր նաև արդեն նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Վերջինս կառավարության որոշմամբ այսօր նշանակվել է Արարատի մարզպետ: Արամայիս Գրիգորյանը կառավարության նիստից հետո հայտարարել է, որ արդեն երկու տարի է, ինչ դուրս է եկել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունից: Արարատի մարզում և ոչ միայն, հայտնի է, որ Ավշարի պահածոների գործարանը հենց Արամայիս Գրիգորյանին է պատկանում: Այսօր, սակայն, նա    հայտարարել է, որ ինքը բիզնեսով  չի զբաղվում, խոստացել է՝ ապրելու է պետութունից ստացած աշխատավարձով։

Կառավարության այսօրվա նիստի օրակարգի առաջին ու վերջին հարցերն Արարատի  հին ու նոր մարզպետներին էին վերաբերում։ Նախ՝ նիստի ամենասկզբում և առաջին հարցով կառավարության քննարկմանը դրվեց Արարատի  արդեն նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի՝ սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատվելու հարցը: Եվ քանի որ կառավարության որևէ անդամ  որևէ հարց չուներ հրաժարականի հետ կապված, ուստի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Մենք որոշումը ընդունում ենք, ես այդ որոշումը հիմա ստորագրում եմ, և խնդրում եմ Վիգեն Սարգսյանին , որպեսզի սա անմիջապես առաքվի հանրապետության նախագահին»։

Կառավարության նիստի ավարտին արդեն վարչապետը հայտարարեց, որ նախագահը ստորագրել է Էդիկ Բարսեղյանի  հրաժարականի դիմումը, ուստի կառավարությունը Արարատի նոր մարզպետ նշանակեց Արամայիս Գրիգորյանին: Վերջինս, հիշեցնենք, 2008-2009թթ ՀՅԴ քվոտայով զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Մինչ այդ՝ 2003 թ. մայիսի 25-ին Գրիգորյանը ԱԺ պատգամավոր էր  ընտրվել թիվ 25 ընտրատարածքից, իսկ  2007 թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։

Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հիշեցրեց , որ  նրանք Արամայիս Գրիգորյանին շատ լավ ճանաչում են, աշխատել են նրա հետ, գիտեն մասնագիտական կարողություններն ու մարդկային հատկանիշները: Վարչապետն առաջարկեց հարցեր ուղղել նորանշանակ մարզպետին, սակայն կառավարության որևէ անդամ հարց չուներ Արամայիս Գրիգորյանին: Փոխարենը՝ նորանշանակա մարզպետին հարցեր ունեին լրագրողները:

«Քաղաքական առումով ես կուսակցության մեջ չեմ, իսկ ՀՀ-ում բոլորն էլ մեկը մյուսի ընկերներն են»,- ասաց նորանշանակ մարզպետը՝ հստակեցնելով, որ արդեն երկու տարի ՀՅԴ-անդամ չէ։ Նա նշեց, որ այս կուսակցության մեջ շատ լավ ընկերներ ունի, որոնց հետ նորմալ հարաբերություններ ունի։

«Նախկին մարզպետի հետ լավ հարաբերություններ ունեմ, միասին կարողացել ենք կոնկրետ աշխատանքեր իրականացնել, նախկին մարզպետը հարգարժան, պրոֆեսինոալ մարդ է,- ասաց նորանշանակ մարզպետը։ — Եթե լինեն  հրատապ հարցեր, առաջին հերթին դրանցով կզբաղվեմ։ Այսօր առաջին օրն է աշխատանքի գնալու», հստակեցրեց Արամայիս Գրիգորյանը։ Ի դեպ՝ Արարատի նորանշանակ մարզպետը հայտարարեց, որ ինքը բիզնեսով  չի զբաղվում, խոստացավ՝ ապրելու է  աշխատավարձով։

Կառավարության նիստի   օրակարգի մյուս հարցերի մասին: Հերթական վարկային՝ 20 մլն դոլար արժեքով պորտֆելը,  որը տրամադրել է Ասիական  զարգացման բանկը, արդեն Հայաստանում է և ուղղվելու է փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: ՓՄՁ-ներին աջակցելու  հերթական ծրագիրը կիրականացվի երեք տարվա ընթացքում, գումարը Ասիական զարգացման բանկին կվերադարձվի  քսան տարվա ընթացքում։ Պատրաստի բիզնես ծրագրեր ունեցողները կարող են դիմել միանգամից բանկ՝ վարկավորման համար, իսկ նոր ծրագրեր կազմելու հարցում աջակցում է Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը։

Կառավարությունը  «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացրեց  60 մլն դրամ՝ Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ծրագրով նախատեսված աշխատանքները կատարելու նպատակով : Անդրադառնալով հարցին` վարչապետն ասաց, որ   առաջին անգամ ներդրվում է  այնպիսի համակարգ, որը հնարավորություն է տալու խթանել բուհերի մրցակցությունը:  «Հիմա պետք է մտածենք նաև, որ պետական պաշտոնատար անձինք բուհերի խորհուրդներից դուրս գան, հակառակ դեպքում մենք չենք կարող անցնել միջազգային չափանիշներին: Այդ բարեփոխմանը ևս մենք պետք է անդրադառնանք»,- նշեց վարչապետը։

Եվ վերջում՝ մի ուշագրավ նախագծի մասին։ 2012 թ.-ին լրացել է հայ աշուղական արվեստի մեծագույն երգչի Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը։ Վրաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի աջակցությամբ  այն ընդգրկվել է Հռչակավոր մարդկանց և հայտնի իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012-2013 թթ. օրացույցում։ Սայաթ-Նովայի հոբելյանը անցկացվում է ոչ միայն Հայաստանում, այլև մեր տարածաշրջանի այլ հարևան երկրներում։ Հաշվի առնելով նշված հոբելյանի ինչպես մշակութային,այնպես էլ ազգային և միջազգային նշանակությունը՝ «Սայաթ-Նովա» մշակութային միությունը կազմակերպում է մեծ գործչի 300-ամյակին նվիրված միջոցառումների շարք, որոնց իրականացման համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն տրամադրել է  6 մլն 154 հազ դրամ։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն առաջարկեց հաստատել Սայաթ Նովայի 300-ամյակին նվիրված միջազգային փառատոն ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013թ նախահաշիվը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեկ օր ժամանակ խնդրեց՝ պարզվեց՝ նախարարը փաստաթղթից տեղյակ չէ։

Ցուցադրել ավելի
Back to top button