ԿարևորՀասարակություն

Քարոզչությունն առ ոչինչ է առանց փաստերի. ընդդեմ ադրբեջանական զեղծարարության

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Դիվանագետի զենքն այսօր քարոզչությունն է, բայց քարոզչությունն առանց փաստերի ոչինչ է: 1992 -2000 թվականներին  Լոնդոնում Հայաստանի պատվո հյուպատոս, բազմաթիվ պատմա- աշխարհագրական հետազոտությունների հեղինակ, քարտեզագետ  Ռուբեն Գալիչյանի աշխատություններն այդ քարոզչական պատերազմում մեզ համար հաճախ լավագույն հիմք ու հենարան  են դառնում: Ռուբեն Գալիչյանի վերջին աշխատությունն Ադրբեջանի կողմից հորինված պատմամշակութային   կեղծիքները բացահայտող  փաստերի և պատկերների հավաքածուն է:

Հարևան Ադրբեջանում այսօր նախագահական ընտրություններ են, որոնք մեծ հաշվով  անակնկալներ  չեն խոստանում: Ալիևների երկարակյաց ժառանգը, ամենայն հավանականությամբ,  կպահպանի նախագահական գահն ու կշարունակի վարել  երկրի ներքին ու արտաքին  քաղաքականության ղեկը՝ միջազգային ամբիոններից հնչեցնելով  մեղադրանքներ ագրեսոր հարևանի հասցեին ու ադրբեջանական գիտական մտքի հանճարը փաստող պատմական կեղծիքներ:

Բազմաթիվ պատմա- աշխարհագրական հետազոտությունների հեղինակ, քարտեզագետ  Ռուբեն Գալիչյանի հիշողության մեջ դեռ թարմ է ՄԱԿ-ի ամբիոնից ընդամենը երկու շաբաթ առաջ հնչեցրած Ալիևի ելույթը։ «Պարոն Ալիևը լավ գիտի որտեղ ինչ խոսել, ինչպես խոսել։ Սա դիվանագիտություն է, որտեղ մենք փոքր ինչ կաղում ենք»,- ասում է Ռուբեն Գալիչյանը: Նրա համոզմամբ՝ Հայաստանի խնդիրն է այսօր միջազգային հանրությանը ներկայացնել պատմական ճշմարտությունն ու դեմ կանգնել ադրբեջանական զեղծարարությանը:

Ռուբեն Գալիչյանի բոլոր աշխատությունները ծառայում են հենց այդ նպատակին: Նրա վերջին աշխատությունը ևս  Ադրբեջանի կողմից հորինված պատմամշակութային   կեղծիքները բացահայտող  փաստերի և պատկերների հավաքածու է: Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի գիտական ու քաղաքական միտքը շարունակում է պնդել, որ հայերն այս տարածքում եկվորներ են, Հայաստանի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձաններն ադրբեջանական են, և այլն և այլն: Այս առնչությամբ Գալիչյանն իր գրքում բազմաթիվ հակափաստարկներ է ներկայացնում։

Ըստ ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածքում կառուցված բոլոր եկեղեցիները, այդ թվում՝ Գանձասարը, Տաթևը, անգամ Էջմիածինը,  աղվանական  ծագում ունեն: Իսկ ի՞նչ է փաստում պատմությունը. Աղվանները 7-8-րդ դարերում դարձան մահմեդական: 9-րդ դարում քրիստոնյա աղվաններ այլևս գոյություն չունեին: Հայկական քրիստոնեական վանքերն ու եկեղեցիները կառուցվել են հիմնականում 6-18-րդ դարերում: Հարց է առաջանում՝ արդյո՞ք մահմեդականացված աղվաններն են դրանք  կառուցել: Ադրբեջանական պատմագրության մեջ տարածված խեղաթյուրումներից ևս մեկը. մինչև 1820-ական թվականները Կովկասյան տարածաշրջանում հայեր ընդհանրապես գոյություն չեն ունեցել։

Գալիչյանը դարձյալ դիմում է պատմությանը։ Բրիտանական թանգարանում պահպանվում է աշխարհի հնագույն աշխարհացույց- քարտեզը։ Այն մ.թ.ա 6-րդ դարից մեզ հասած բաբելոնյան փոքրիկ կավե սալիկ է: Դրա  վրա պատկերված է աշխարհի կենտրոնը: Կենտրունում նշված են երեք երկրներ՝ Բաբելոն, Ասորեստան և Արարատի երկիրը, որը անգլիացի գիտնականները թարգմանել են  Հայաստան: Պատմական մի քանի փաստ էլ  Ադրբեջանի մասին, երկիր, որը, ինչպես իրենք են պնդում, ունի 3000 տարվա պատմություն, մինչ օրս չունի  սեփական այբուբենը։

Նրանց պարսկատառ այբուբենը 1929 թվականին դարձավ լատինատառ, 10-ը տարի անց , որոշ փոփոխություններով, նրանք ընդունեցին կիրիլիցան։ Խորհրդային պետության փլուզումից հետո կրկին վերադարձան լատինական այբուբենին։  Ստացվում է, որ հազարամյակների պատմություն ունեցող ժողովրդի ներկա սերունդն անկարող է ծանոթանալ  պարսկերեն լեզվով գրված սեփական գրավոր աղբյուրներին։

Ցուցադրել ավելի
Back to top button