ԿարևորՏնտեսական

Սփյուռքահայերը գերադասում են վարձակակել, այլ ոչ թե գնել բնակարան

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Բնակարանային հարցը նորանկախ Հայաստանում մնում է առաջնային և ցավոտ հիմնախնդիրներից մեկը, առավել ևս՝ աղետի գոտում: Եթե Խորհրդային Հայաստանում կային հիմնարկ-ձեռնարկություններում անվճար բնակարանի հերթագրման համակարգ, ապա այժմ կացարանի ձեռքբերման միակ ուղին հիպոթեքն է։ Այլընտրանքային ուղի այժմ գոյություն չունի:  Կառավարության կողմից երիտասարդ նորաստեղծ ընտանիքների համար էլ կան տարատեսակ ծրագրեր, որն էլ,  ըստ բանկերից մեկի վարկային գծով պատասխանատու Տիգրան Երիցյանի,  ամենամատչելի ձեւն է բնակարան ձեռք բերելու համար։ Վարկը երևանաբնակ զույգերին տրվում է տարեկան 8.5, իսկ մարզերում բնակվողներին` 6.5 տոկոսով:


Սակայն դրանք էլ որոշակի վերապահումներով դարձյալ կապված են աստղաբաշխական գումարների հետ` հաշվի առնելով այսօր Հայաստանում աշխատատեղերի սակավությունը և նամանավանդ այս տարի նկատվող գնաճը: Տարատեսակ թանկացումներից այս տարի հետ չի մնացել նաև անշարժ գույքի  շուկան:  Եթե 2012 թվականի օգոստոսին մայրաքաղաքի կենտրոնում բազմաբնակարան շենքերում 1քմ-ն  արժեր   416հազար 800 դրամ, ապա այս  տարի այն դարձել է  428 հազար: Ասել կուզի` եթե փող չունես, ուրեմն բաց երկինքը քեզ օթևան։

«Հիմնվելով հիմնականում այս 8 ամիսների  վերլուծության արդյունքների վրա,  վստահորեն կարող եմ ասել, որ  շուկան բավականին կայուն վիճակում է  և կայունությունը շարունակվելու է`  պահպանելով աճի միտումը: Գների աճ կարելի է սպասել  Նոր տարուց հետո, բայց դա կապված է ոչ միայն հայաստանյան հետ, այլ Համաշխարհայի շուկայի հետ: Եթե Համաշխարհային շուկայում վիճակը բարելավվի, ապա դա կանդրադառնա նաև մեզ վրա»,- ասում է անշարժ գույքի գործակալության տնօրեն Վապդան Ավագյանը։

Սա անշարժ գույքի առք ու վաճառքի շուկայում, իսկ վարձակալության շուկայում գնային տատանումները, ըստ  Ավագյանի, կապված են ամառային սեզոնի հետ։

Ըստ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի դիտարկումների  բաժնի պետ Անահիտ Դավիթյանի՝ առք ու վաճառքի առումով սփյուռքահայերի շրջանում ակտիվություն չկա, ավելի շատ վերջիններս նախընտրում են վարձակալել, քան՝ գնել բնակարան։ Սա հաստատում է նաեւ անշարժ գույքի գործակալության  տնօրեն Վարդան Ավագյանը։

Back to top button