Հասարակություն

Մեկնարկեց «Արեւորդի» փառատոնը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Արդեն երկրորդ տարին է, որ հոկտեմբեր ամիսը շատ ակտիվ է Կենդանաբանական այգու համար: Այս տարի ևս Արևորդի փառատոնի որոշ հանդիսություններ  համատեղվում են այգու միջոցառումների հետ: Ինքնատիպ այս իրադարձությունը, որն արդեն 4-րդ անգամ է իրականացվում Հայաստանում, բնապահպանական միակ փառատոնն է հարավկովկասյան տարածաշրջանում: «Արևորդի» միջազգային բնապահպանական 4-րդ փառատոնն այս տարի կներկայանա նոր սկզբունքով, այն է` ավելացնել մասնակիցների թիվը` նվազեցնելով բնապահպանական խնդիրները։

Մեկնարկել է «Արևորդի» 4-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որն իրականացվում է Հայաստանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից: «Արևորդին» միակ բնապահպանական փառատոնն է ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանում և կազմակերպվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ։ Փառատոնի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել շրջակա միջավայրի և կենդանական ու բուսական աշխարհին սպառնացող խնդիրների վրա, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածությունը Հայաստանի եզակի հարուստ կենսաբազմազանության և դրա պահպանման կարևորության վերաբերյալ հիմնականում բնապահպանական խնդիրների վերաբերյալ ֆիլմերի ցուցադրությամբ, ինչպես նաև հանրային քննարկումներ և հանրային իրադարձություններ կազմակերպելու միջոցով:

Հայաստանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանի տեղեկացմեմբ` փառատոնի 2013 թ.-ի ծրագիրը ներառում է միջազգային բնապահպանական ֆիլմերի մրցույթներ, բնապահպանական խնդիրների վերաբերյալ կլոր սեղան- քննարկումներ և հանրային միջոցառումներ։ Այս տարի միջազգային բնապահպանական փառատոնը կներկայանա նոր ձևաչափով` փորձելով ավելացնել մասնակիցների թիվը՝ միևնույն ժամանակ նվազեցնելով փառատոնի բնապահպանական հետևանքները: Այդ ամենը հնարավոր կլինի իրականացնել փառատոնի առցանց կազմակերպման միջոցով, որի շրջանակներում հայաստանյան հեռուստաալիքներով և համացանցով կկազմակերպվեն ֆիլմերի ցուցադրություններ:

Փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև  Կենդանիների դիմակահանդես-շքերթ, Փառատոնի մրցանակաբաշխության արարողություն և Վայրի բնության ֆոտո ցուցահանդես: Ինչ վերաբերում է Երևանի կենդանաբանական այգուն, այն բավականին դինամիկ կառույց է և շարունակում է բարեկարգման աշխատանքները։ Թեև այգին բաց է ամբողջ տարին, այստեղ հիմնականում այցելում են ամռան ամիսներին: Պատճառը կենդանիների պասիվությունն ու ոչ ճիշտ կառուցված ձմեռանոցներն են, սակայն շուտով այդ խնդիրը ևս կլուծվի, կարծում է այգու տնօրենը։

Կենդանաբանական այգին, ի դեպ, շարունակում է համալրվել կենդանիների նոր տեսակներով, սակայն, ինչպես նկատեց Ռուբեն Խաչատրյանը, ոչ այնքան կարևոր է կենդանիների գլխաքանակը, որքան եղած կենդանիների համար համապատասխան միջավայրը։ Վերջին մեկ տարվա ընթացքում ձեռք են բերվել նաև նոր վանդակներ,  հիմնանորոգվել է փղի ձմեռանոցը, իսկ մուֆլոնների համար տրամադրվել է նախորդի համեմատ 3 անգամ ավելի մեծ տարածք, ասաց այգու տնօրենը։

Ցուցադրել ավելի
Back to top button