ԿարևորՀասարակություն

ՀԽ անդամները «Զվարթոնցի» հին շենքի պահպանման կողմնակիցն են

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Քաղավիացիայի վարչությունը դիմել է Հանրային խորհուրդ` առաջարկելով լսել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդման հարցը: Հանրային խորհրդում քննարկումներն սկսվել են: Այսօր հարցը քննարկել է Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովը։

ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը տեղեկացրեց, որ Քաղավիացիան շուտով կառավարությանը պիտի ներկայացնի առաջիկա 5 տարիների զարգացման հեռանկարային պլանը եւ դրանով պայմանավորված է առաջարկել քննարկելու հին մասնաշենքի քանդման հարցը։ ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովի նախագահը փոխանցեց, որ հարցի հետ կապված Հանրային խորհրդի նախագահին հասցեագրվել է նամակ` «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ճարտարապետներից մեկի` Արթուր Թարխանյանի դստեր` ճարտարապետ Անահիտ Թարխանյանի կողմից։

Դեռ 2003 թվականին ճարտարապետ Արթուր Թարխանյանը դատական գործընթաց էր սկսել «Կորպորասիոն Ամերիկայի» դեմ` պաշտպանելու համալիրի   հեղինակների հեղինակային իրավունքները, քանի որ դեռ այն ժամանակ 30 տարվա կառավարման իրավունքով Հայաստանի կառավարության հետ պայմանագիր կնքած ընկերությունն իր առաջարկություններում գրեթե առաջ էր քաշել օդանավակայանի մասնաշենքի քանդման հարցը։

Անահիտ Թարխանյանը ՀԽ-ին ուղղած իր նամակում խնդրել է հարցը քննարկել հենց այդ որոշման հիման վրա: Անդրադառնալով «Կորպորասիոն Ամերիկա»-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ 2001 թ.-ին կնքված պայմանագրին` նա շեշտեց, որ ակնհայտորեն տվյալ ընկերությունը փաստորեն խախտում է իր պարտավորությունները: Ընկերությունը համաձայն կնքած պայմանագրի պարտավորվել է պատշաճ կերպով օգտագործել շենքը եւ, ցանկության դեպքում, իրականացնել ներդրումներ:

Նոր կառույցները, որոնք կկատարի ընկերությունը, կհանդիսանա ընկերության սեփականությունը, իսկ հին մասնաշենքը որպես ստրատեգիական նշանակության կառույց հանդիսանում է ՀՀ սեփականությունը: Այսպես ամրագրված է կնքված պայմանագրում, ասում է Անահիտ Թարխանյանը։

Ըստ առաջարկության հեղինակի` հին մասնաշենքը կարող է սպասարկել ներքին ու տարածաշրջանային չվերթեր` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը որոշում է կայացրել միանալու Մաքսային միությանը: Անահիտ Թարխանյանի խոսքով` չեն կարող հիմնավոր լինել շենքի ոչ սեյսմակայուն լինելու մասին պնդումները, քանի որ ժամանակին այն կառուցվել է որպես ստրատեգիական նշանակության օբյեկտ եւ խիստ հսկողությամբ, ավելին` այն հաշվարկվել է 10 բալանոց  սեյսմակայունության համար:

Բացի այդ՝ ժամանակին շենքն ընդգրկվել է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, բայց, բանախոսի ձեւակերպմամբ, ինչ-որ անհասկանալի պահի այդ ցանկից հանվել է: Անահիտ Թարխանյանը նաեւ պնդեց, որ շենքի երեսպատման սալիկները բարբարոսաբար քանդել են, ինչի արդյունքում բացվել են երկաթե կոնստրուկցիաները, սակայն դրանք չեն կարող ազդել շենքի սեյսմակայունության վրա` երկաթյա հատվաշները կարելի է ընդամենը քերել եւ սվաղել, հայտարարեց ճարտարապետը:

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում հնչած տեսակետները «Զվարթնոց» օդանացակայանի հին մասնաշենքի պահպանման օգտին էին: Ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը տեղեկացրեց, որ վաղը Հանրային խորհրդում տեղի կունենա ընդհանուր քննարկում, որտեղ առանձնակի կարեւորություն կունենան մասնագիտական ենթահանձնաժողովների կարծիքները: Վաղը կներկայացնի նաեւ իր ղեկավարած ենթահանձնաժողովի տեսակետը:

Ցուցադրել ավելի
Back to top button