Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա


Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ։ Հանդիպման ժամանակ, որն անցավ ջերմ մթնոլորտում, Հովիկ Աբրահամյանը եւ Ալի Լարիջանին փաստեցին, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաեւ երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը:
Երկուստեք կարեւորվեց բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը, որոնց ակտիվ շփումները եւ փոխգործակցությունը նպաստում են միջխորհրդարանական կապերի սերտացմանը: Կողմերը կարեւորեցին տնտեսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Հայաստանի եւ Իրանի խորհրդարանների ղեկավարները շեշտեցին, որ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: