Էջմիածինը տոնում է հիմնադրման 2698- ամյակը


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Էջմիածին
Երեք օր շարունակ Էջմիածնում նշվում է քաղաքի 2698- ամյակը: Քաղաքի տոնի կապակցությամբ հիմնադրվել է նոր հանգստի գոտի, կազմակերպվել է ձիասպորտի առաջնություն, տարբեր մշակութային միջոցառումներ, իսկ տոնական միջոցառումը եզրափակվել է շքերթով, որն ունեցել է նաև թատերականացված հատված։
Արդեն 5-րդ տարի Էջմիածինը մեծ հանդիսությամբ նշում է ծննդյան տոնը, քաղաքը տոնական հանդերձանքի մեջ էր, տոնական էին տրամադրված նաև քաղաքացիները: Յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 8-ին նրանք առանձնակի ոգևորությամբ են սպասում և կարևորում Ուսուցչի տոնին հաջորդող քաղաքի ծննդյան տոնը, որն առանձնակի խորհուրդ ունի։
Հոգևոր կենտրոնը ամեն տարի գեղեցկանում ու հրապուրիչ է դառնում ոչ միայն տեղացիների համար, այլ գրավում է օտարերկրյա զբոսաշրջիկներին: Բարեկարգ ու մաքուր փողոցներ, հանգստի գոտիներ, խաղահրապարակներ, ցուցասրահներ. ահա այն, ինչ կարող է տեսնել հոգևոր մայրաքաղաք մտնող յուրաքանչյուր ոք: Քաղաքին սրտացավորեն են վերաբերում բնակիչները, որոնք ցանկանում են տեսնել էլ ավելի նորոգնած թաղամասեր։
Հոկտեմբերի 6-ից տոնական միջոցառումներ են կազմակերպվել քաղաքի տարբեր վայրերում: Քաղաքացիներն իրենց խոնարհում են բերել Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակներ դնելով հուշակոթողներին: Էջմիածնի քաղաքապետը հոգևոր կենտրոնի տոնի կապակցությամբ խոստացել է յուրաքամչյուր տարի մեկ նորամուտ նշել : Այս տարի 1 հա ազատ տարածության վրա հիմնվել է հանգստի գոտի, որը անվանվել է մեծ քնարերգուի՝ Վահան Տերյանի անվամբ: Տոնական միջոցառումների շարքը եզրափակվել է քաղաքի հրապարակում շքերթով։