Վերլուծական

Ադրբեջանում կանխատեսելի, Վրաստանում՝ անկանխատեսելի ընտրություններ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ադրբեջանում այսօր անցկացվող նախագահական ընտրությունները յոթերորդն են այդ երկրի պատմության մեջ: Հիմնական ֆավորիտ է համարվում այդ երկրի գործող չորրորդ նախագահ Իլհամ Ալիևը, ով զբաղեցնում է պաշտոնը 2003 թվականից: Չնայած քվեաթերթիկում առկա 10 թեկնածուների, նրա համոզիչ հաղթանակը արդեն իսկ կանխորոշված է:  Ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի, այս առումով անակնկալներ չեն սպասվում։ Գործող նախագահի հիմնական հակառակորդը ընդդիմադիր Ժողովրդարական ուժերի ազգային խորհրդի կողմից առաջադրված  պատմաբան Ջամիլ Հասանլին է, ով, ըստ հարցումների, առավելագույնը կարող է ստանալ ընտրողների քվեների 10 տոկոսը։
Այս առումով ընտրությունները կրում են ձեւական  բնույթ և որևէ հետաքրքրություն չեն ներկայացնում,  նշեց փորձագետը: Այնպես որ՝ Ադրբեջանին հոկտեմբերյան հեղափոխություն և իշխանափոխություն չի սպառնում։
Առավել հետաքրքիր զարգացումներ են սպասվում հոկտեմբերի 27-ին Վրաստանում: Այդ օրը վեցերորդ անգամ կկայանան այդ երկրի նախագահի ընտրությունները: Վրացական ԿԸՀ-ի համար դրանք ռեկորդային են, քանի որ գրանցվել են 23 թեկնածուներ: Ի դեպ՝ նախորդ՝ 2008 թվականի ընտրություններին մասնակցում էր ընդամենը 7 հավակնորդ: Գալիք ընտրություններից հետո Վրաստանը կունենա նոր, արդեն չորրորդ նախագահը:

Ի տարբերություն Իլհամ Ալիևի, 2004 թվականից Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Միխեիլ Սահակաշվիլին չունի սահմանադրական հնարավորություն երրորդ անգամ անընդմեջ մասնակցել ընտրություններին: Եթե հաջորդ նախագահ ընտրվի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացնող փոխվարչապետ Գեորգի Մարգվելաշվիլին կամ , «Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն, ապա ըստ  տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի, հնարավոր է աբխազական երկաթգծի վերագործարկումը:

Երրորդ հավանական թեկնածուն՝ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում»  կուսակցությունից առաջադրված խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բակրաձեն է, ում սատարում է հեռացող նախագահը: Ի տարբերություն Ադրբեջանի՝ վրացական ընտրությունները չեն սանմանափակվի մեկ փուլով։ Փորձագետը նշեց, որ վերջին մեկ տարում փոխվել է վրացիների աշխարհաքաղաքական նախապատվությունը՝ Մաքսային միությանը անդամակցելու կողմնակիցների թիվը աճել է մինչև 60 տոկոս, իսկ սերտ եվրոմերձեցմանը սատարողներինը՝ նվազել է մինչև 40 տոկոս։

Ցուցադրել ավելի
Back to top button