ԿարևորՏնտեսական

Ռուսաստանը Հայաստանին կվաճառի էժան գազ. սպառողների համար սակագինը չի փոխվի

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Գազի գնի սուբսիդավորման վերաբերյալ միջպետական  պայմանագիրը  կկնքվի շուտով, բանակցություններն ավարտական փուլում են, այսօր խորհրդարանում հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարաների նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարը նշել է, որ Մաքսային միությանն անդամակացելու վերաբերյալ Հայաստանի հայտարարությունը   փոփոխության է ենթարկել պայմանագրի կետերը ՝ պարզեցնելով դրանք:  Մասնավորապես՝ նախատեսվում է, որ Ռուսաստանը կհրաժարվի գազի նկատմամբ  արտահանման հարկերից, որոնք մոտ 30 տոկոս են կազմում:  Սա նշանակում է, որ Հայաստանը գազ կստանա Ռուսաստանի ներքին գնով՝ գումարած տրանսպորտային ծախսերը: Այլ կերպ՝ սահմանին մատակարարվող գազի գինը 1000 խոր. մետրի համար կլինի 189 դոլար, թեեւ «Գազպրոմը» հայտարարել էր 270 դոլարի մասին: Ըստ Մովսիսյանի՝ սպառողների համար գազի գինը չի փոփոխվի։

Պայմանագիրը, որը կառավարությունից պարբերապար պահանջում է ՀԱԿ խմբակցության քարտուրղար Արամ Մանուկյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ, ուղարկվել է պատգամավորին։ Խոսք «ՀայՌուսգազարդի» եւ «Գազպրոմ էքսպորտ» ընկերության միջև կնքված պայմանագրի մասին է:  Իսկ այն պայմանագիրը, որի մասին  կառավարություն- ԱԺ վերջին հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Սարգսյանը, հիշեցնենք, ասել էր, թե գոյություն չունի , պատրաստվում ենք ստրոգրել: էներգետիկայի և բնական պաշարաների նախարար Արմեն Մովսիասյանը կարծում  է, որ  վարչապետը նկատի է ունեցել միջպետական պայմանագիրը գազի գնի սուբսիդավորման վերաբերյալ, որը կկնքվի շուտով։

Բանակացությունները, ըստ նախարարի, ավարտական փուլում  են:  Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Հայաստանի հայտարարությունը   փոփոխության է ենթարկել պայմանագրի բանակցվող կետերը ՝ պարզեցնելով դրանք: «Այդ պարզեցումը նշանակում է, որ գազի արտահանման հարկերը չեն կիրառվելու Հայաստան ներկրվող գազի  վրա: Այդ հարկերը կազմում են մոտ 30 տոկոս: Սա նշանակում է Հայաստան ներկրվող գազի գինը լինելու է այն գինը, որը գազն ունի Ռուսաստանի ներքին շուկայում ՝ գումարած տրանսպորտային ծախսերը , որոնցով այն ներկրվելու է Հայաստան»։

Սա սպառողի համար ոչ թանկացում, ոչ էլ էժանացում չի ենթադրում. գազի գինը կշարունակի մնալ այն սահմանագծին, որին հասել էր սակագնի բարձրացման վերջին պայմանագրով: Ավելի կոնկրետ՝ սահմանին մատակարարվող գազի գինը 1000 խոր. մետրի համար կլինի 189 դոլար: Իսկ ի՞նչ ժամանակահատվածի համար է ձեռք բերվել այս պայմանավորվածությունը: « Նախկինում բանակցությունները գնում էին 5 տարվա կտրվածքով, որ 5 տարի գազի գինը Հյաստանում կմնա անփոփոխ: Մաքսային միություն մտնելուց հետո ժամկետային սահմանափակումը դուրս է գալիս և կախված կլինի միայն Ռուսաստանի ներքին գներից»։

Գազի գնի սուբսիդավորման պայմանգրի մասին էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, լրագրողների հետ զրույցում խոսեց այլ թեմայով կազմակերպված լսումների ժամանակ: Իսկ լսումների թեման հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներն էին։ Ոլորտի զարգացումը  բնութագրող մի շարք ցուցանիշներ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարը ներկայացրեց: Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով մինչ այսօր տրամադրվել է   439 թույլտվություն, 24-ը տրվել է մետաղական օգտակար հանածոների, 25- ը ստորգետնյա հանքային ջրերի, իսկ մնացածը ոչ մետաղական հանածոների  արդյունահանման համար: Ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների համար տրամադրվել է  125 թույլտվուիթյուն։

Վիճակագրությունը արդյունահանման ծավալների աճ է արձանագրում, խոսքը մետաղական  օգտակար հանածոների մասին է:  Ըստ պաշտոնական հաշվետվությունների՝ արդյունահանումը 2010-ին և 2011-ին  կազմել է մոտ 17 մլն տոննա, 2012-ին՝ 21.7 մլն, իսկ 2013-ին կանխատեսվումում է, որ կանցնի  30 մլն-ի սահմանգիծը, քանի որ առաջին կիսամյակի արդյունքն  արդեն 15 մլն տոննա  է:

Արդյունահանման ծավալների այս աճն, ըստ պատգամավորների , կառավարությունը կարող է թույլ տալ  մտածել պղնձի հանքարաը ոչ թե արտահանելու, այլ Հայաստանում պղնձաձուլարան ունենալու մասին: Ըստ  Արմեն Մովսիսյանի՝ պղնձաձուլարան կառուցելու համար Հայաստանում տարեկան առնվազն 250 հազար տոննա պղնձի խտանյութի արտադրություն պետք է ունենա: Այժմ  130 հազար տոննա է արտադրվում, իսկ տարեկան 250 հազար տոննա պղնձի խտանյութ կարելի է ստանալ 35 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանման դեպքում: Դրան Հայաստանում հնարավոր է հասնել առնվազն հինգ տարի հետո: Իսկ պղնձաձուլարան ունենալու արժեքն  առնզան 300 մլն եվրո է։

Ի դեպ՝ նախարարն այսօր նշեց, որ թյուր է կարծիքը , թե Հայաստանը ներդրողների համար հրապուրիչ է իր օգտակար հանածոներով:  Ծավալները փոքր  են ու հենց դրանով էլ պակաս գրավիչ օտարերկրյա արդյունահանողների համար, լսումների ժամանակ ասաց Արմեն Մովսիսյանը։

Հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որի վերաբերյալ հասարակական կազմակերպությունները, բնապահպաններն ամենամեծ թվով  մտահոգություններն են բարձրաձայնում: Այսօրվա քննարկմանը, որի նախաձեռնությունը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովինն էր, մասնակցում էին խիստ փոքրաթին ՀԿ-ներ: Իմ զրուցակիցը ՝ «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ նախագահ, բնապահպանական դաշինքի անդամ Գրետա Գաբրիելյանն է, ով կրկին պնդում է, որ բնապահպանական խնդիրները զոհաբերվում են  տնտեսական նպատակահարմարությանը և որ բնապահպանական կազմակերպությունների ձայնն այդպես էլ տեղ չի հասնում։ «Այն, որ այստեղ շատ հասարակական կազմակերպություններ, որոնք մասնակցել են ընդերքի հետ կապված խնդիրների ուսումնասիրությունն ու այսօր հրավիրված չեն, հենց դրա մասին է խոսում: Այստեղ ամեն ինչ ներկայացվում է տնետսական տեսակետից, թղթի վրա և այդպես էլ գնահատվում է: Իսկ թղթի վրա ամեն ինչ հրաշալի է: Իրականությունը բոլորովին այլ է:  Ապագա վնասներն ավելի մեծ են լիենլու, քան այսօր ստացած օգուտները»։

Back to top button