Հասարակություն

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալները հերքում են 15- 20 հոգով ծեծելու պնդումը. նրանցից ամեն մեկը ընդունում է մեկին ծեծելը

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին միայն ամբաստանյալ Նորայր Հայրապետյանն է վնասվածքներ հասցրել՝  բռունցքով հարվածներ հասցնելու հետևանքով, մյուս ամբաստանյալները մեղավոր չեն: Դրա մասին  Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝  դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ,  «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի  17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում հայտարարել է ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը, հայտնում է pastinfo- ն:

Ամբաստանյալը ընդգծել է, որ ոչ ոքի խփելու որևէ դիտավորություն չի ունեցել:  «Ինձ այդ վիճակին հասցրել են, որ ես հարվածել եմ»,- ասել է  Ն.Հայրապետյանը: Նա նշեզ է, որ Վ.Ավետյանն իրեն հարվածել է, ինքն էլ պատասխան  հարվածներ է հասցրել, բնական է, որ իր հարվածներն ավելու ուժեղ են ստացվել և Վահեն ընկել է գետնին:  

Ամբաստանյալը հայտարարել է, որ այլևս չի կարող ապրել ստի մեջ, չի ուզում, որ «անմեղ մարդիկ  պատասխան տան չարածի համար»:  «Ես չեմ իմացել, որ Վահե Ավետյանը այդպիսի վնասվածք է ստացել»,- ասել է  ամբաստանյալը: Ի պատասխան մեղադրող Արմեն Մարուխյանի հարցի, թե   ինչո՞ւ օգնություն ցույց չի  տվել վայր ընկած Վահե Ավետյանին, ամբաստանյալը պատասխանել է.  «Ես էլ էի վատ դրության մեջ, մի քանի րոպե հետո կմոտանայի, բայց իրենք արդեն հեռացել էին»:

Ամբաստանյալը հայտարարել է, որ  ծեծկռտուքը 35 վայրկյան է տևել, «կոտորած չի եղել ժամերով», ինչպես նշում են տուժողները՝ նրանք, ըստ ամբաստանյալի, «ոնց որ սովորեցրել էին,  այդպես էլ ասում էին»:

Ցուցմունք տալու ցանկություն հայտնել է նաև ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը, ով դատաքննության ընթացքում հրաժարվել էր ցուցմունք տալ: Նա  հայտարարել է, որ տուժող Արտակ Բայադյանին ինքն է ծեծի ենթարկել: Նա հերքել է տուժողների այն պնդումը, թե  15-20 մարդ են եղել ծեծի ենթարկողները. «Մեր մեջ է եղել վեճը»:    Ամբաստանյալը հայտարարել է, որ իրեն մեղավոր է ճանաչում Ա.Բայադյանին ծեծի ենթարկելու համար:

Ցայժմ լռություն պահպանած ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը նույնպես խախտել է լռությունը: Ամբաստանյալն «ստանձնեց» տուժող Գարիկ Սողոմոնյանին ծեծի ենթարկելու պատասխանատվությունը: «Ես էլ եմ խփել, Գարիկ Սողոմոնյանն  էլ»,- ասել է նա:

Աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 11-ը:

Back to top button