ԿարևորՀասարակություն

Խոսքի ազատությունն ու անմեղության կանխավարկածը. ինչպես հավասարակշռել դրանք

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Դատախազությունների եւ զանգվածային լրատվամիջոցների փոխհարաբերությունների թեման այսօր Երեւանում մեկնարկած Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 8-րդ լիագումար նիստի օրակարգն է: Նիստին մասնակցելու համար Երեւանում են ԵԽ անդամ շուրջ 40 երկրի պատվիրակություններ, ԵԽ գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներ: Քննարկվում է թիվ 8 կարծիքի նախագիծը: Այս փաստաթուղթը մասնավորապես անդրադառնաում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին` անձի խոսքի, ազատության իրավունքին, ներառյալ` տեղեկություններ ու գաղափարներ փնտրելուն, ստանալուն եւ տարածելուն: Կարճ խոսքով` խոսքն այդ ազատության իրականացումն օրենքով ապահովելու պահանջի մասին է: Փաստաթուղթը սահմանում է նաեւ դատախազության գործունեությունը հրապարակային, թափանցիկ եւ արդյունավետ կազմակերպելու աշխատանքային կառուցակարգերը։

Քննարկվող փաստաթուղթը կոչված է ապահովելու հավասարակշռությունը մի կողմից անկախ, անաչառ եւ հրապարակային արդարադատության համար, մյուս կողմից` մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիաներով սահմանված պահանջները: Մասնավորապես` տվյալ դեպքում խոսքը երաշխավորված կարծիք ունենալու եւ արտահայտելու ազատության, գործի քննության ընթացքին հանրությանը իրազեկելու մասին է, որի ընթացքում չպետք է խախտվեն անմեղության կանխավարկածը, պետք է հարգվեն արդար դատաքննության եւ անձնական ու ընտանեկան կյանքի միջազգային կոնվենցիաներով երաշխավորված իրավունքները:

Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ չափազանց կարեւոր են զանգվածային լրատվամիջոցների հետ փոխհարաբերությունների համակարգված կարգավորումը։ Նրա խոսքով` թե Հայաստանի, թե այլ երկրների օրինակով նկատելի է, որ ներկայումս շատ դեպքերում դատախազական գործունեության ոչ պատշաճ լուսաբանման, կամ կոնկրետ քրեական գործերով ոչ պատշաճ տեղեկատվության տրամադրման պայմաններում բաց տեղեր են մնում, որտեղ կոնկրետ գործերի հետ կապված տեղ է սկսում գտնել ապատեղեկատվությունը: Սա, իր հերթին, գլխավոր դատախազի ձեւակերպմամբ, լուրջ վնաս է պատճառում թե արդարադատության շահին, թե դատավարության մասնակիցների իրավունքներին։

Ակնկալվում է, որ քննարկումների արդյունքում ձեւավորված փաստաթուղթը չի մնա որպես դեկլարատիվ, այն կունենա գործնական նշանակություն։ Այդ առումով հստակ մեխանիզմներ սահմանելու հնարավորություն կարող է տալ փորձի փոխանակումը, կարծիք հայտնեց Գեւորգ Կոստանյանը։ Փորձի հետ կապված կարծիքների փոխանակումը կարեւորեց նաեւ ԵԽ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բոայան։

ԵԽ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենը նկատեց, որ դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների հավասարակշռված իրացումն իրականում հեշտ առաջադրանք չէ: Սակայն, նրա խոսքով, ԵԽ-ում այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ են ծավալվել, ինչը պետք է նույնպես հաշվի առնել: Ամենագլխավոր սկզբունքն էլ այն է, որ լրատվամիջոցները պիտի ազատ հնարավորություն ունենան հանրությանը իրազեկելու այս կամ այն գործի ընթացքը` միաժամանակ ազատ մեկնաբանություններ ներկայացնելով, սակայն, անշուշտ, որոշակի սահմանափակումներով, որոնք առնչվում են անմեղության կանխավարկածին:

ԵԽ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենը միաժամանակ հիշեցրեց, որ Եվրոպայի դատախազների խորհուրդը խորհրդատվական մարմին է։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button