Մշակույթ

Գրողների միության համագումարը՝ հոկտեմբերի 20- ին

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր արդեն  հայտնի դարձավ Գրողների միության արտահերթ համագումարի օրը: Միության վարչության որոշմամբ հոկտեմբերի 20-ին տեղի կունենան միության նախագահի ընտրությունները։ Գրողների միության անդամներն այսօր 525-ն են,  որոնցից 386-ը Հայաստանի գրողներն են, 43-ը` Արցախինը, 96-ը սփյուռքահայ: Սփյուռքահայ գրողներն ընտրությանը կարող նե մասնակցել հեռահաղորդակցության միջոցով:

Պարզ, արդար ու թափանցիկ ընտրություններ են փորձելու անցկացնել գրողներն իրենց առաջնորդին ընտրելիս, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց Գրողների միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Միլիտոնյանը: Համագումարի նախապատրաստման աշխատանքների հանձնաժողովն ընտրված է, աշխատանքներն էլ արդեն սկսված: Սփյուռքահայ  և Արցախի գրողների մասնակցությունն ապահովելու համար վարչության որոշմամբ մինչև հոկտեմբերի 16-ը  թեկնածուները նախօրոք կարող են առաջադրել իրենց թեկնածությունն ու «Գրական թերթում» ծրագրերը հրապարակել։

Հոկտեմբերի 18-ին «Գրական թերթում» ընթերցողն արդեն կարող է իմանալ թեկնածումենրի անուններն ու ծանոթանալ ծրագրին:  Այս մեթոդը հնարավորություն կտա առավել արդյունավետ աշխատել, կարծում է Գրողների միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը եւ հավելում, որն սա կխթանի  արդար ու թափանցիկ ընտրություն անցկացնելուն:

Միլիտոնյանը թեև երկար տարիներ ապրում է  գրական միջավայրում, սակայն զարմացած է, որ հասարակության շրջանում Գրողների միության նախագահի ընտրության հարցը շատերին է հետաքրքրում: Գրողների միության խնդիրն է գրողի արժանապատվությունը,  գրականության դերը բարձրացնելն ու ճանաչելի դարձնելը: Այս հարցում Միլիտոնյանը մեղադրում է զանգվածային լրատվամիջոցներին, ովքեր  քիչ են  լուսաբանում գրողներին,  նրանց գործերն ու գրական խնդիրները։

 

Ցուցադրել ավելի
Back to top button