ԿարևորՏնտեսական

Արմավիրն ու Արեւմտյան Ատրպատականը համագործակցությունը փորձում են գործնական դարձնել

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

Իրանի Իսլամական Հանրապետության  Արևմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով Արմավիրի մարզում էր:  Երկու մարզերի միջև փոխհամագործակցության  հիմքը դրվել է 2009 թ-ից, սակայն որևէ գործուն քայլ դեռ չի իրականացվել:  Իրանական պատվիրակությունն արդեն 3-րդ անգամ է Արմավիրի մարզում, ծանոթացել են տեղի ձեռնարկությունների արտադրանքին: Նախատեսվել է Արմավիրում և Ուրմիայում բացել առևտրի տներ, որտեղ կցուցադրվեն իրանական և հայկական ապրանքները։

Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի  հետ  Արմավիրի մարզի 4 տարի առաջ ստորագրված  փոխըմբռման հուշագիրը դեռ մնում է թղթի վրա:  Հուշագրով նախատեսված է համագործակցություն տարբեր ոլորտներում, որը շահեկան կլինի երկու մարզերի համար: Սակայն  համագործակցությունը արտահայտված է միայն պատվիրակությունների փոխադարձ այցով և որևէ գործուն քայլ չկա:

Արդեն 2 օր իրանական պատվիրակությունը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հրավերով մարզում է և ծանոթանում է տեղական արդյունաբերությանը։ Եղել են սնկերի աճեցման «Բիգա» հայ- հոլանդական համատեղ ձեռնարկությունում,  փայտե դռների ու պատուհանների  արտադրության «Իմպերիալ-Տուր» ընկերությունում։

Իրանցիներին այժմ հետաքրքում է  հայկական ապրանքի սպառման շուկան: Լինելով «Նոյան» բնական հյութերի Վանանդի մասնաճյուղում Արևմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեն հետաքրքվեց  հումքի գնման, արտադրանքի իրացման գներով:  «Եվրոթերմ» ՓԲԸ  նախագահ Էդուարդ Ղազարյանը հյուրերին տեղեկացրեղ, որ արտադրանքի 90 արտահանվում է: Վանանդի մասնաճյուղը բացվել է  անցած տարի, կարճ ժամանակահատվածում կառուցվել է ու սկսել բերքի մթերումը: «Նոյան» բնական հյութերն արտահանել են նաև Իրան, որտեղ արտարժույթի տատանման պատճառով դադարեցվել է վաճառքը: Արևմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեն նշեց, որ  առաջիկայում հնարավոր է համագործակցություն այս ձեռնարկության հետ:

Արևմտյան Ատրպատականը  Իրանում ապահովում է գյուղմթերքի  վերամշակման  60 տոկոսը: «Եվրոթերմի» հետ համագործակցություն ձեռք կբերվի արտադրանքի համատեղ իրացման նպատակով այն շուկայում, որն ունի «Նոյան» բնական հյութերը: Նախատեսել են  Ուրմիայում ստեղծել Արմավիրի տուն , իսկ Արմավիրում` Ուրմիայի տուն, որը 2 մարզի առևտրա-արդյունաբեական պալատի համատեղ աշխատանքի արդյունքը կլինի։

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հույս հայտնեց, որ այս անգամ այցը գործուն քայլերի սկիղբ կդառնա: Վահիդ Ջալալզադեի առաջարկով՝ հայ գործարարաների մի խումբ կմեկնի Արևտյան Ատրպատական և համագործակցության  եզրեր կգտնեն:

Ցուցադրել ավելի
Back to top button